Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է.
«Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը:
Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գերեվարվեցին, որոնց մի մասը դաժանաբար սպանվեց գերության մեջ, իսկ 19 անձանց ճակատագիրը մինչ այսօր մնում է անհայտ:
Այդ հրեշավոր դեպքերից երկու շաբաթ անց բնակավայրը կրկին ենթարկվեց հարձակման, և իրենց հարազատներին հուղարկավորելու վերադարձած բնակիչները դարձան Ադրբեջանի զինված ուժերի նոր վայրագությունների զոհը։
Մարաղայի կոտորածը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ու տեղահանությունների շարունակությունն էր, որի նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման օրինական պահանջը, ինչպես նաև էթնիկ զտման և բռնի տեղահանության միջոցով արցախահայությանը զրկել հայրենիքից։
Չնայած այն հանգամանքին, որ Մարաղայում կատարված վայրագությունները մանրամասնորեն փաստագրվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, համապատասխան միջազգային կառույցների կողմից այս հանցագործության պատշաճ քաղաքական գնահատականի բացակայությունը և անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի հետագա ագրեսիայի, նրա ղեկավարության վարած հայատյաց և ցեղասպան քաղաքականության շարունակման և ամրապնդման համար:
Արդյունքում՝ վստահ լինելով իր անպատժելիության մեջ՝ հետագայում Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց ևս երկու լայնամասշտաբ պատերազմ՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին, արցախահայության դեմ իրականացնելով նոր վայրագություններ և ռազմական հանցագործություններ, մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչպես նաև օկուպացնելով Արցախի Հանրապետության նոր, ավելի ընդարձակ տարածքներ:
Այսօր էլ, անտեսելով Արցախի շրջափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը՝ 120 օր շարունակ Արցախի բնակչությանը պահելով ապօրինի շրջափակման մեջ, զրկելով տարրական կենսապայմաններից, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններով հետամուտ լինելով Արցախի հայաթափման իր հանցավոր ծրագրի իրականացմանը:
Կրկին կոչ ենք անում միջազգային բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու և դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերել իրավական և կառուցողական դաշտ՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները»: