Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Մասնավորապես, նախագծերը նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց - մատակարարներ հարաբերությունները՝ նախատեսելով կարգավորումներ պայմանագրի համար ուշ վճարելու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու և բանակցային ուժեղ դիրքով պայմանավորված այլ դեպքերի համար։
Նախագծերով նախատեսվում է նաև կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում առկա խնդիրները, օրինակ՝ պայմանագրի համար ուշ վճարելը, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ։
Նախագծերի ամբողջական փաթեթն արդեն իսկ ուղարկվել է շահագրգիռ սուբյեկտներին՝ դիտողություններ և առաջարկներ ստանալու նպատակով։ Փաթեթը հանրության համար հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Դիտողությունների և առաջարկությունների դեպքում քաղաքացիները կարող են մինչև սույն թվականի ապրիլի 21-ը դրանք ներկայացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ [email protected] էլ. փոստի հասցեով։