Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Ղազախստանում է: Նախագահներ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Իլհամ Ալիևը նախ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել: Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կստեղծեն Գերագույն միջպետական խորհուրդ` երկկողմ համագործակցության զարգացման համար: Տոկաևի խոսքով` Ադրբեջանի նախագահի այցը մեծ նշանակություն ունի երկու երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքվում ստորագրվել է Ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային համագործակցության խորացման մասին հռչակագիրը, ինչպես նաև մինչև 2026 թվականը համագործակցության զարգացման համապարփակ ծրագիրը։ Տոկաևը հայտնել է նաև, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններին, խաղաղության գործընթացին և ընթացիկ բանակցություններին։
Նա, մասնավորապես, հայտարարել է.
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ»։
Ղազախստանի նախագահ էլ իր հերթին հայտարարել է, որ Աստանան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԹԱՅՎԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չինաստանի զինված ուժերից հայտարարել են, որ այսօր «հաջողությամբ ավարտել են» եռօրյա զորավարժությունները Թայվանի մերձակայքում ՝ կղզու օդային և ծովային շրջափակման վարժանքներով՝ ավիակիրի մասնակցությամբ և «մարտական իրական պայմաններում» զինամթերք տեղափոխող ռազմական ինքնաթիռների թիրախավորման խաղարկմամբ: Վարժանքներին առաջին անգամ մասնակցել է «Շանդուն» ավիակիրը։ Զորավարժությունները, որոնք սկսվել են Կալիֆորնիայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի հանդիպումից մի քանի օր անց, Չինաստանը բնութագրել է որպես «լուրջ նախազգուշացում»:
Թայվանի իշխանությունները հայտնել են, որ շաբաթ օրը առնվազն 71 չինական ինքնաթիռի թռիչք է արձանագրվել կղզու շուրջ: Զորավարժությունները օրինական և արդարացի գործողություններ են՝ պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ հիշեցնելով, որ «Մեկ Չինաստան»-ի սկզբունքը հաստատված միջազգային կոնսենսուս է և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմ:
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել: Ուկրաինական գերությունից վերադարձել է 106 ռուս զինծառայող, հայտարարություն է տարածել Ռուսաստանի ՊՆ-ն։ Պաշտոնական Կիևն էլ հայտարարել է ուկրաինացի 100 ռազմագերու վերադարձի մասին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով` ազատ արձակված ուկրաինացիների թվում են Մարիուպոլի, «Ազովստալի», Գոստոմելի պաշտպանները։
«Որոշ զինծառայողներ ծանր վիրավորում են ստացել, հիվանդություններ ունեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը ստանա անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Երմակը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գերիների վերադարձը հնարավոր է դարձել բանակցային գործընթացի արդյունքում:
ԲԱՅԴԵՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 2024-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում: 80-ամյա նախագահը, սակայն, նշել է, որ դեռ պատրաստ չէ այդ մասին պաշտոնապես հայտարարել։ Ջո Բայդենը վերջին շրջանում բազմիցս ակնարկել է, որ նախատեսում է մասնակցել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի նոյեմբերի 5-ին։ Դրանց մասնակցելու մտադրության մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։