ՖՐԱՆՍԻԱ
ՌԱՄԶԵՍ ՓԱՐԱՎՈՆԸ` ՓԱՐԻԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՍՏՂ
Ռամզես Մեծը՝ եգիպտական հզորագույն փարավոնը, Փարիզում բացված «Ռամզես Մեծը և փարավոնների ոսկին» ցուցահանդեսի աստղն է:
Հատուկ լրագրողների և տեսախցիկների համար ներկայացրել են Ռամզեսի փայտե սարկոֆագը:
Ռամզես II-ն ամենահայտնի փարավոններից էր։ Նա կառավարել է Եգիպտոսը 67 տարի: Համարվում է ամենաերկարը կառավարած եգիպտացի փարավոնը: Առանցքային դեր է խաղացել Եգիպտոսի թագավորության ապահովման և ընդլայնման գործում ու երկրին խաղաղություն և բարգավաճում է ապահովել։
Ասում են, որ Ռամզես II-ի՝ մայրիից պատրաստված սարկոֆագն ի սկզբանե նախատեսված չէր նրա համար։ Հավանաբար, այն թվագրվում է 18-րդ դինաստիայի ավարտով, այն պետք է պատված լիներ ոսկով և թանկարժեք քարերով։ Այնուհետև մակերեսը քերել են և ներկել դեղին գույնով, որոշ դետալներ վառ գույներով են ներկայացվել, իսկ աչքերն ընդգծվել են սևով:
Բենեդիկտ Լհոյեր (եգիպտաբան) - Ռամզես 2-րդի մումիան այնտեղ չէ: Դա ուղղակի սարկոֆագ է, փայտե պատյան, որում մումիան պահվել է 2900 տարի: Իրականում սա Ռամզես 2-րդի վերջին հանգրվանն է: Դա իսկապես պատմական արտեֆակտ է, քանի որ սարկոֆագն ավելի հին է, քան ինքը՝ Ռամզեսը:
Սարկոֆագը վերջին անգամ Ֆրանսիայում տեսել են 1976 թվականին, այն ժամանակ փորձել են պայքարել սարկոֆագի փայտը վնասող սնկերի դեմ: «Ռամզես Մեծը և փարավոնների ոսկին» ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 6-ը:
ԵԳԻՊՏՈՍ
ԿԱՀԻՐԵԻ «ՍԵԼՖԻՆԵՐԻ ՍՐԱՀԸ»՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՇԻՎ ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եգիպտոսում թեմատիկ փակ զբոսայգում ներկայացվել է ժամանցի թրենդային մի գաղափար՝ սելֆիի սրահ:
Կահիրեի «Սելֆիների սրահը» հիմնադրել են երկու քույրեր՝ ոգեշնչված աշխարհի այլ վայրերի նմանատիպ այգիներից: Նրանց նպատակն է, որ այցելուները կորչեն «ֆոների լաբիրինթոսում» և զվարճանան:
Իման Աբդել Ազիզ («Սելֆիների սրահի» համահիմնադիր) - «Ինտերակտիվ սելֆիի թանգարանի գաղափարը 2016 թվականից ի վեր արդիական է եղել ամբողջ աշխարհում, և մենք ուրախ ենք վերջապես այն Եգիպտոս բերելու համար: «Սելֆիների սրահը» ստեղծվել է որպես լաբիրինթոս, որտեղով հաճախորդները պետք է անցնեն՝ տարբեր թեմաներ բացահայտելու համար: Մարդիկ այստեղ շատ հաճելի ժամանակ են անցկացնում: Մեզ մոտ գալիս են ընտանիքներով, նաև ընկերների հետ:
Սենյակները տարբեր թեմաներով, գույներով և լույսերով են, այցելուները շրջում են սրահով՝ սելֆիներ անելու, սահելու կամ գնդակների ավազանի մեջ «լողալու» համար:
Սրահի հիմնադիրներն ասում են, թե հույս ունեն, որ վայրն այցելուներին ոչ միայն կապահովի բազմազան, թեմատիկ լուսանկարներով, այլև զվարճալի հիշողություններով:
ՖՐԱՆՍԻԱ
ՓԱՐԻԶՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿԱՐԳԵԼՎԵՆ «ՎՏԱՆԳԱՎՈՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԿՈՒՏԵՐՆԵՐԸ
Փարիզեցիները հիմնականում համաձայն են քաղաքապետարանի քվեարկության արդյունքի հետ, ըստ որի 90%-ը դեմ է եղել քաղաքում ազատ սլացող էլեկտրական սկուտերների օպերատորների լիցենզիաների երկարաձգմանը: Արդյունքում Փարիզը դարձել է եվրոպական առաջին մայրաքաղաքը, որը 2023 թվականի սեպտեմբերից ամբողջությամբ արգելել է նման ծառայությունն իր փողոցներում։
Սկուտերների օպերատորները վստահեցրել են, որ իրենց՝ հիմնականում երիտասարդ հաճախորդների երկու երրորդն անտեղյակ է այդ քվերակությունից:
Փարիզի քաղաքային իշխանությունները քննարկել են վարձակալման համար նախատեսված 15,000 էլեկտրական սկուտերների արգելումը քաղաքի մայթերին` հասարակական անվտանգության մտահոգություններից ելնելով: Որոշումը կայացվել է, չնայած որ օպերատորներն առաջարկել են բարելավել անվտանգության կանոնները:
Փարիզի փոխքաղաքապետ Դեյվիդ Բելիարդը, վկայակոչելով Փարիզի ոստիկանության տվյալները, ասում է, որ էլեկտրական սկուտերները պատասխանատու են 2022 թվականին երեք մահվան դեպքերի և 459 վնասվածքների համար, ինչը 42 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ: Բելիարդը նաև կասկածներ ունի սկուտերների էկոլոգիական առավելությունների առնչությամբ. դրանք լիցքավորվում են չվերամշակվող լիթիումային մարտկոցներով, որոնք ունեն ծառայության կարճ ժամկետ:
Այս օրերին աշխարհի քաղաքները խստացնում են էլեկտրոնային սկուտերների նկատմամբ կանոնները՝ նվազեցնելով օպերատորների թիվը և սահմանափակելով սկուտերների արագությունը և տարածքների քանակը, որտեղ դրանք կարող են կայանել:
ՖՐԱՆՍԻԱ
ԾՆՎԵԼ Է ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ «ՁԱԳԸ»
Փարիզի Շանզ-դե-Մարս այգում հայտնվել է Էյֆելյան երկրորդ աշտարակը: Շատերը կարծել են, որ սոցիալական ցանցերում հայտնված նկարը կատակ է: Սակայն «Էյֆելան», ինչպես հեղինակն է կնքել նրան, 32 մ բարձրությամբ և 23 տոննա քաշով, նույնքան իրական աշտարակ է, որքան բնօրինակը:
Մտահղացման հեղինակը Ֆիլիպ Մեյնդրոնն է, որի խոսքով, մեկ տարի է պահանջվել՝ այս նախագծի իրականացման համար:
Ֆիլիպ Մեյնդրոն (Էյֆելյան աշտարակի կրկնօրինակի հեղինակը) - Իմ երազանքն էր, որ Էյֆելյան աշտարակը երեխա ունենար: Մենք բարձրաձայն չենք խոսի, քանի որ նա նոր է արթնացել քնից: Միգուցե քաղցած է, սպասում է, որ մայրն իրեն կերակրի: Կարծում եմ, որ երաժշտությունը կհանգստացնի Էյֆելային:
«Էյֆելան» տեղադրվել է մեկ գիշերվա ընթացքում և հանրությանը ներկայացվել է վաղ առավոտյան՝ կանգնած 330 մետր բարձրությամբ Էյֆելյան իրական աշտարակի դիմաց:
Բնօրինակի չափսի մեկ տասներորդ մասշտաբով կառուցված երկաթե կրկնօրինակը կազմված է 3900 խոշոր և 9000 փոքր մետաղական կտորներից: Իրականում չնայած չափսերի ահռելի տարբերությանը, հնարավոր է այնպիսի վայրից նայել երկու աշտարակներին, որ դրանք նույն չափսի թվան:
Ֆիլիպ Մեյնդրոն (Էյֆելյան աշտարակի կրկնօրինակի հեղինակը) - Վիզուալ առումով դա խաբուսիկ է, քանի որ կախված այն բանից, թե որ անկյունից ենք այն դիտում, այնպիսի տպավորություն կարող ենք ունենալ, ասես, տեսնում ենք երկու նույն չափսի Էյֆելյան աշտարակ: Երկուսն էլ կարող են մեծ կամ փոքր թվալ, և դա շատ զվարճալի է: Հենց սկզբից ունեցել եմ այդ նպատակը:
Էյֆելյան աշտարակի ավելի քան 50 կրկնօրինակ կա ամբողջ աշխարհում՝ Լաս Վեգասից մինչև Շենժեն: Փարիզում «Էյֆելան» կմնա երկու շաբաթ, իսկ դրանից հետո գնա ծովային ճանապարհորդության և կցուցադրվի տարբեր երկրներում:
ԲՈԼԻՎԻԱ
ՊԵՐՈՒԱՑԻ ԵՎ ԲՈԼԻՎԻԱՑԻ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՄԱԶՈՆԻ ԽՈՀԱՆՈՑԸ
Գույների և համերի խնջույքը խնամքով ներկայացված է մեծ տերևներով զարդարված փայտե սեղանի վրա՝ նշելու պերուական և բոլիվիական Ամազոնի գաստրոնոմիական բազմազանությունը:
Ցուցադրված բաղադրիչների թվում են հայրենի ձուկը, գուսանիլո կամ ճիճվանման չիլի պղպեղը, ծառի կեղևը, որի համը նման է սխտորին, չխայթող մեղուների մեղրը և այլն:
Բոլիվացի շեֆ-խոհարար Մարսիա Տահան և պերուացի շեֆ-խոհարար Վիրջիլիո Մարտինեսը ստեղծել են մի շարք ուտեստներ՝ օգտագործելով այս բաղադրիչները Լա Պասում գտնվող ռեստորաններից մեկում: Նրանց նպատակն է սննդի միջոցով փոխանցել Ամազոնի կենսաբազմազանությունը:
Մարսիա Տահա (Բոլիվիացի շեֆ-խոհահար) - Մենք աշխատել ենք մոտ 200 բնիկ համայնքների և ավելի քան 600 գրանցված ապրանքների հետ. մենք դրանք օգտագործել ենք նաև մեր ռեստորանում: Սա մեզ հպարտություն է բերում: Սա ոչ միայն Ամազոնի և նրա կենսաբազմազանության, այլև մեր արտադրողների տոնն է: Նրանք այն մարդիկ են, ովքեր հնարավորություն են տալիս, որ այդ ապրանքները հասնեն մեր տներ կամ մեր ռեստորաններ:
Հարավային Ամերիկայի խոհարարները ցանկանում են պահպանել իրենց նախնիների մշակույթը: Այս մարդկանց նպատակն է փնտրել, բացահայտել և գրանցել բնիկ բոլիվիական արտադրանքը: Միաժամանակ բնիկ համայնքներն իրենց հերթին կարող են օգտվել դրանից, քանի որ իրենց արտադրանքը կհանրահռչակվի, և ավելի հեշտությամբ կկարողանան այն իրացնել:
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ՝ ԱԹԵՆՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ընտանի կենդանիների տերերին թույլատրել են իրենց չորքոտանի բարեկամներին բերել Աթենքի ժամանակակից արվեստի թանգարան: Այս նախաձեռնությամբ թանգարանը մտադիր է զարկ տալ թափառող կենդանիների որդեգրմանը:
Շները EMST-ի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում արվեստի հետաքրքիր գործեր տեսնելու հնարավորություն են ունեցել: Նախկինում շատերն են ցանկացել այցելել թանգարաններ, բայց չեն կարողացել, քանի որ չեն ունեցել մեկին, որի մոտ կարող էին թողնել իրենց ընտանի կենդանուն: Այս թանգարանը որոշել է լուծել այս խնդիրը:
Վանա Անտոնոպուլու (թանգարանի այցելու) - Արվեստը կենդանի էակ է, ուստի, կարծում եմ, որ կարող ես մեկ այլ կենդանի էակի՝ շանդ, բերել այստեղ՝ դրա հետ ծանոթանալու: Կարծում եմ, որ ավելի շատ թանգարաններ կարող են հետևել այս օրինակին:
Թանգարանը որդեգրել է ընտանի կենդանիների հանդեպ բարեկամության ընդհանուր քաղաքականություն, ինչը շատ հազվադեպ է Հունաստանի թանգարանների համար, և թափառող կենդանիների տեղի կացարաններից մեկի հետ համատեղ կազմակերպել է կիրակնօրյա այս միջոցառումը:
ԱՄՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԾԱՂԿԵԼ Է «ԴԻԱԿԻ ԾԱՂԻԿԸ»
Այցելուների մի հսկա հերթ է գոյացել Նյու Յորքի բուսաբանական այգիներից մեկում: Նրանք եկել են՝ տեսնելու հայտնի «Դիակի ծաղիկը», որը բացվել է: Այն ծաղկում է տարվա մեջ միայն մեկ անգամ և այն էլ՝ սովորաբար յուրաքանչյուր 4 կամ 5 տարին մեկ:
Amorphophallus titanum-ը կամ «Դիակի ծաղիկն» իր մականունը ստացել է արձակած յուրահատուկ հոտի պատճառով: Ծաղկումը տևում է 24-36 ժամ: Մարդիկ այդ պահին դրա արձակած բույրը համեմատում են փտած մսի հոտի հետ: Իրականում ծաղկի հոտը ծառայում է մեկ նպատակի. գրավել փոշոտողներին, որոնք սնվում են սատկած կենդանիներով:
Դիակի ծաղիկը բույսերի թագավորության մեջ ամենամեծ չճյուղավորված ծաղկաբույլն ունի: Բնական միջավայրում աճելու դեպքում բարձրությունը հասնում է 3 մ 70 սմ-ի, իսկ բուսաբանական այգիներում՝ մոտ 2.5 մետրի:
Նյու Յորքի բուսաբանական այս այգում «Դիակի ծաղիկ» առաջին անգամ ծաղկել է 1937 թվականին, հետո նորից է ծաղկել 1939-ին և մինչև 2016 թվականը չի ծաղկել:
Երիտասարդ «Դիակի ծաղկի» համար մոտ 7-10 տարի է պահանջվում, որպեսզի կուտակի բավականաչափ էներգիա՝ ծաղկման ցիկլը սկսելու համար: Դեռ մի քանի տարի կանցնի, մինչև այս բույսը պատրաստ լինի նորից ծաղկելու: