Իրանի և Արբեջանի միջև վերջին շրջանում առկա լարվածության ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Գլխավոր դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումները և տարածաշրջանային որոշ հարցեր։ Նախարարներն ընդգծել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները հարթելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության հարցերին՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները: Կողմերն ընդգծել են բարիդրացիության և միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի կարևորությունը:
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրանցի չորս դիվանագետ անցանկալի անձ է ճանաչվել, և նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լքեն Ադրբեջանի տարածքը՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով։ Բաքուն Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել՝ Թեհրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ սադրիչ գործողությունների կապակցությամբ։
ԻԻՀ, ՍԻՐԻԱՅԻ, ՌԴ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է՝ հայտարարել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը՝ նշելով, որ այն կկայանա մայիսին: Նախարարները պետք է հանդիպեին այսօր: Եֆիմովը շեշտել է, որ արտգործնախարարների շփումները շարունակվում են, չնայած Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է: Դամասկոսը ձգտում է հասնել Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման, Անկարայի կողմից տարբեր զինված խմբավորումների աջակցության և երկրի ներքին գործերին միջամտության դադարեցման։
ԻՐԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԿՄԵԿՆԻ ԷՐ ՌԻԱԴ
Նախատեսվում է, որր վաղը իրանցի փորձագետների և դիվանագետների խումբը կմեկնի Սաուդյան Արաբիա՝ նախապատրաստվելու Էր Ռիադում Իրանի դեսպանատան բացման արարողությանը: Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի տեխնիկական պատվիրակությունն էր մեկնել Թեհրան՝ քննարկելու Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության վերաբացման ընթացակարգերը: Օրեր առաջ Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվել էին երկու երկրի դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքների վերսկսման գործնական քայլերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված առանձին հարցեր։ Ավելի վաղ՝ մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ներկայացուցչությունների աշխատանքները վերսկսել երկամսյա ժամկետում։
ԱՄՆ ԿՀՎ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն այս շաբաթ չհայտարարված այց է կատարել Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու այդ երկրի հետախուզական ծառայության գործընկերների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Լրատվամիջոցները սակայն, հայտնում են, որ Ուիլյամ Բըրնսը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցներին դժգոհություն է հայտնել վերջին շրջանում Իրանի հետ հարաբերություններում նկատվող դրական զարգացումների կապակցությմաբ: Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին մտահոգություն է հայտնել նաև Սիրիայի հետ առկա դրական հարաբերությունների կապակցությամբ, ինչը ԱՄՆ համոզմամբ, նույնպես հակասում է տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային դիրքորոշմանը:
«ՎԱԳՆԵՐԸ» ՓՈՐՁԵԼ Է ԶԵՆՔ ԵՎ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
The Washington Post-ի լրագրողներն ուսումնասիրել են ապրիլի 8-ին արտահոսքի հետևանքով համացանցում հայտնված Պենտագոնի խիստ գաղտնի 50-ից ավելի փաստաթուղթ: Գաղտնի նյութերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, ներառյալ երկրի ռազմական հնարավորությունների մասին: Փաստաթղթերի համաձայն՝ ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից զենք և համազգեստ ձեռք բերել՝ Մալիում և Ուկրաինայում գործողությունների համար։
Հրապարակման մեջ լրագրողները մեջբերերել են գաղտնի փաստաթղթից հատվածներ, որոնցից մեկի համաձայն «Վագների» ներկայացուցիչները հանդիպել են թուրքական կողմի հետ 2023 թվականի փետրվարին: Լրագրողները թեմայի շուրջ փորձել են պարզաբանում ստանալ Թուրքիայի կառավարության ներկայացուցչից, սակայն ապարդյուն: