Իրանցի դիվանագետների արտաքսում Բաքվից, իրանական դպրոցի փակման քննարկումներ, Իրան-Ադրբեջան փոխադարձ բողոքի նոտաներ, հրապարակային մեղադրանքներ ու վիրավորանքներ, և այս լարվածության ֆոնին 2 երկրի արտգործնախարարի հեռախոսազրույց՝ ապրիլի 6-ին և 7-ին:
Փորձագետների գնահատմամբ` այս պայքարում Իրանը դիրքավորվել է որպես լարվածությունը թուլացնելու կողմնակից, մինչդեռ Բաքուն փորձում է թեժացնել այն:
Գարիկ Միսակյան (իրանագետ) - Ադրբեջանական կողմից սկսվեցին թե՛ լարվածությունը, թե՛ հակաիրանական տրամադրությունները: Իրանը միշտ պատասխանողի դերում է:
Արմեն Պետրոսյան (Տարածաշրջանի հարցերի փորձագետ) - Ադրբեջանն ընտրել է ռազմավարական ուղղություն հակաիրանական ճամբարում, միտումնավոր գնում են հարաբերությունների սրման և դա վաճառում Արևմուտքին: Իրանական դպրոցների փակման հարցը, տարբեր կրոնական ներկայացուցիչների ձերբակալման հարցը, դիվանագետների արտաքսման հարցը ուղերձներ են:
Որտեղի՞ց սկսվեց Թեհրան-Բաքու լարվածությունը: Ըստ իրանական մեդիա տիրույթի վերլուծությունների՝ պատճառները մի քանիսն են` Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում, Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ Բաքվի նկրտումները և նրանց կողմից առաջ քաշվող «Հարավային Ադրբեջան» կեղծ եզրույթը։ Փորձագետները ավելացնում են՝ 44-օրյա պատերազմից հետո այս պատճառներին ավելացել է նաև Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը:
Իսկ հակաիրանական գործողությունները խորացնելու համար որպես առիթ Ադրբեջանը ակտիվորեն շահարկեց Իրանում իր դեսպանատան վրա հարձակումը:
Արմեն Պետրոսյան - Դեսպանատան հարձակումը վերածեցին շոուի, և արձագանքն էր այդպիսին, ցուցադրական դուրս բերեցին աշխատակիցներին Թեհրանից և Իրանի իշխանություններին մեղադրեցին:
Գարիկ Միսակյան - Միջազգային ասպարեզում «ահաբեկչություն» անվանելը վկայում է, որ սա Բաքվի համար առիթ էր, նաև այն, որ չվերաբացվեց դեսպանատունը, դրան հաջորդող գործողությունները, ընդհուպ դիվանագետների վտարումը վկայում են, որ Բաքուն գնում է նրան, որ Իրանի կողմից դադարեցվեն դիվանագիտական հարաբերությունները, ինչին Իրանը այս փուլում չի գնում:
Ապրիլի 6-ին էր Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել, որ իրանցի չորս դիվանագետ անցանկալի անձ է ճանաչվել, և նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լքեն երկրի տարածքը: Ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ նրանք զբաղվել են Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործունեությամբ:
Գարիկ Միսակյան - Իրանական մեդիա տիրույթում մեծացել է անդրադարձը Ադրբեջանի կրոնական հալածյալներին, Իրանը նոր ճակատ է բացել, ու Բաքուն փորձում է հակազդել: Ադրբեջանում փորձում են ցանկացած կենտրոն, որ կապ ունի Իրանի հետ, փակել, կասեցնել, անհանգիստ են Նախիջևանի հատվածի հետ կապված, որտեղ Իրանի ազդեցությունը միշտ մեծ է եղել:
Ի դեպ, լարված հարաբերությունները վերջին օրերին էլ ավելի սրվեցին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ, ինչի հետ կապված դատապարտող հայտարարություն ընդունեց անգամ Իրանի խորհրդարանը: Ըստ իրանական կողմի՝ 2 հարևան երկրների միջև լարվածությունը արտաքին ուժերի, մասնավորապես` Իսրայելի ձեռքի գործն է:
Փորձագետներն ուշադրություն են հրավիրում՝ կան Իրանին տարածաշրջանային տարբեր ճգնաժամերի մեջ ներքաշելու փորձեր, ինչը քաջ գիտակցում են նաև Թեհրանում և փորձում են գործել հնարավորինս զուսպ և հաշվարկված: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Թեհրանի և Բաքվի միջև մի քանի օր շարունակվող մեղադրանքների տարափից հետո հայտարարել է՝ կողմերը դիվանագիտական միջոցներով փորձում են թուլացնել լարվածությունը. արտգործնախարարների հեռախոսազրույցները եղել են կառուցողական:
Նասեր Քանանի (Իրանի ԱԳՆ խոսնակ) - Որպես հարևան երկրներ` պետք է կենտրոնանանք ընդհանուր շահերի վրա և թույլ չտանք, որ երրորդ երկրները լարվածություն ստեղծեն մեր հարաբերություններում: Ադրբեջանական կողմի հետ համակարգմամբ ջանքեր ենք գործադրում, որ ստեղծված մթնոլորտը վերահսկվի, և հարաբերությունները բնականոն հուն վերադառնան:
Արդյոք արտգործնախարարների շփումները կօգնեն լարվածության հաղթահարմանը. փորձագետները թերահավատ են: Ընդգծում են՝ կողմերն ունեն կարմիր գծեր և, ինչպես վերջին ճեպազրույցի ժամանակ շեշտել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը՝ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանը դիրքորոշումը չի փոխել:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան