Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը կազդի կանխարգելելի հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա, հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նպատակը՝ բնակչության համար ապահովել անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, առկա ռեսուրսների և ծառայությունների օգտագործման տեսանկյունից օգտավետ և սահմանված որակի ցուցանիշներին և ստանդարտներին համապատասխան համապարփակ առողջապահական ծառայություններ:
Նախատեսվում է՝
մշակել առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն.
սահմանել ստանդարտներ և ապահովել որակի նվազագույն մակարդակ, որը պետք է պահպանվի առողջապահական ծառայություններում (օրինակ` լիցենզավորում, հավատարմագրում, հավաստագրում).
մշակել առողջապահական ծառայությունների որակի ցուցանիշների և որակի համակարգերի գնահատման հիման վրա ծառայությունների տրամադրման վերահսկման և գնման համակարգ.
մշակել որակի բարելավման ծրագրեր ԱՆ գերակա ոլորտների համար (օրինակ` առողջապահության առաջնային պահպանման օղակ, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ).
վերանայել բժշկական հաստատությունների անժամկետ լիցենզավորումը և սահմանել ժամկետներ.
մշակել կլինիկական ուղեցույցներ և ընթացակարգեր, խթանել միջազգային ասոցիացիաների ուղեցույցների կիրառումը բժշկական պրակտիկայում.
իրականացնել որակի մշակույթը խթանելու ծրագրեր ինչպես առողջապահության, այնպես էլ բժշկական կրթական համակարգերում:
Սռաջիկա տարիներին բնակչության առողջության պահպանմանը, հիվանդացության և վաղաժամ մահացության նվազեցմանը, կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության երկարաձգման ուղենիշները սահմանված են Առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությամբ:
Բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից են առողջապահության ծառայությունների որակի բարելավումը և որակի բարելավման ապահովման համապատասխան մեխանիզմների ստեղծումը, ներդրումը և շարունակական կիրառումը: