Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենը դժգոհություն է հայտնել Իրանի հետ Սաուդյան Արաբիայի վերջին հաշտեցման կապակցությամբ: Այդ մասին նա հայտնել է այս շաբաթ Սաուդյան Արաբիա չհայտարարված այցի ժամանակ, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին ասել է, որ ԱՄՆ-ն «ապշած» է Իրանի և նրա դաշնակից Սիրիայի հետ թագավորության մերձեցումից:
Էր Ռիադը և Թեհրանը՝ Չինաստանի միջնորդությամբ, անցյալ ամիս պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ շուրջ ութ տարվա խզումից հետո: Միջազգային հանրության մեծ մասն այն գնահատել է որպես հարված ԱՄՆ գերիշխանությանը Մերձավոր Արևելքում և աշխարհում:
Նշվել է նաև, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է կարգավորել հարաբերությունները Բաշար ալ Ասադի վարչակարգի հետ, ինչը նույնպես հակասում է տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային դիրքորոշմանը:
Ըստ պարբերականի՝ ԿՀՎ տնօրենն ու ԱՄՆ կառավարությունը մտահոգված են, որ Վաշինգտոնին դուրս են մղել տարածաշրջանային զարգացումներից, ինչի արդյունքում ԱՄՆ-ն հայտնվել է երկրորդ պլանում:
Թերթը նաև հայտնում է, որ Բըրնսը Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ հիմնականում քննարկել է երկու պետության համագործակցությունը հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: