Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտնել է, որ երկու հանրապետությունները կստեղծեն Բարձրագույն միջպետական խորհուրդ։
Տոկաևի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի այցն Աստանա մեծ նշանակություն ունի երկու երկրի միջև համագործակցության ամրապնդման համար։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքվում ստորագրվել է Ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային համագործակցության խորացման մասին հռչակագիրը, ինչպես նաև մինչև 2026 թվականը համագործակցության զարգացման համապարփակ ծրագիրը։
«Այսօր կընդունվեն նաև մի շարք կարևոր փաստաթղթեր, ավելին, մենք ամրագրում ենք Բարձրագույն միջպետական խորհրդի ստեղծումը, որն, անկասկած, հզոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Կողմերը հատկապես նշել են մշակույթի ոլորտում հարաբերությունների խորացումը։ Տոկաևն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի այցի ծրագրում ներառված է Հեյդար Ալիևի անվան փողոցի բացումն Աստանայում:
Ղազախստանի նախագահը երկու երկրի բարեկամության և փոխադարձ աջակցության ևս մեկ վառ ապացույց է համարել ստեղծագործական կենտրոնի հիմնադրումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի քաղաքում: