ԼՂ երկրորդ պատերազմի արդյունքը դանդաղ, բայց անկասկած ուժեղացնում է վաղուց թաքնված և վտանգավոր հետևանքով լի լարվածությունը տարածաշրջանի խաղացողների միջև, գրում է Foreign Affairs պարբերականը:
Ադրբեջանի և Իսրայելի կապերի խորացման ֆոնին՝ Իրանը սկսել է անհանգստանալ, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին որպես իր դեմ գործողությունների հարթակ: Մինչդեռ գնալով ավելի ինքնավստահ դարձող Ադրբեջանը կարող է հրահրել անջատողական քայլեր Իրանի ադրբեջանցի բնակչության շրջանում։ Նման քայլերը կարող են հանգեցնել էսկալացիոն պարույրի, ինչը կվտանգի ռազմավարական կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և կարող է հանգեցնել ավելի մեծ ճգնաժամի։
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նորից պատերազմ սկսվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քան նախկինում, քանի որ խաղադրույքներն այժմ շատ ավելի մեծ են: Առայժմ իրադարձությունների նման հաջորդականությունը մնում է զուտ հիպոթետիկ։ Սակայն հիպոթետիկ չէ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը կարող է վերածվել ճգնաժամի, որը կարող է ներքաշել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին (Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի կողմից), ինչպես նաև Ռուսաստանին (Հայաստանի և Իրանի կողմից)։ Քանի դեռ միջազգային հանրությունը չի գիտակցել, թե ինչպես կարող է երկու փոքր երկրների միջև այս հակամարտությունը վերածվել համաշխարհային հետևանքներով ճգնաժամի, առաջընթացը հայ-ադրբեջանական հարաբերություններում անհավանական է մնում: