Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով The Washington Post-ը պարզել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը փորձել է Թուրքիայից զենք և համազգեստ գնել իր վարձկանների համար։ Հայտնի չէ՝ արդյո՞ք գործարքը հաջողվել է, և արդյոք թուրքական կառավարությունը գիտե՞ր այդ մասին: Սակայն տեղեկատվությունը, որ Թուրքիան, հնարավոր է՝ օգնում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, կարող է «պայթյունավտանգ» լինել, հատկապես, երբ Էրդողանը փորձում է արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, գրում է պարբերականը և հավելում, որ թուրքական կառավարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։
Թերթը տեղեկացրել է նաև, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի՝ ամերիկյան հետախուզությունն այնքան խորն է ներթափանցել ռուսական բանակ և նրա հրամանատարություն, որ կարող է նախապես զգուշացնել Ուկրաինային մոտալուտ հարձակումների մասին։ Օրինակ, գրում է թերթը, ԱՄՆ հետախուզությունը գիտեր փետրվարի կոնկրետ օրը երկու տեղում ուկրաինական բանակի դիրքերին հարվածելու ՌԴ ՊՆ ծրագրերի մասին։ Գիտեր նաև այն մասին, որ ռուս զինվորականները պատրաստվում են հարվածներ հասցնել Ուկրաինայի մեկ տասնյակ էներգետիկ օբյեկտներին և նույնքան կամուրջներին:
Ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ Կիևը վերանայել է «որոշ ռազմական պլաններ»՝ կապված ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ: Դրանք բացահայտում էին Ուկրաինայի զինված ուժերի վիճակը։ Հեռուստաալիքը, սակայն, չի հայտնում, թե ինչ մտադրություններից է հրաժարվել Կիևը, և ինչ բնույթի են դրանք։
Գաղտնի փաստաթղթերում խոսվում է նաև Վաշինգտոնի «ուշադիր վերահսկողության մասին ինչպես Իրանի նկատմամբ, որը ձգտում է ստեղծել իր միջուկային զենքը, այնպես էլ Հյուսիսային և Հարավային Կորեաների, դաշնակից պետությունների»:
Ըստ The Guardian-ի՝ ֆոտոփաստաթղթերից մեկի հիման վրա կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայում արդեն գործում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի և Լատվիայի մոտ հարյուր հատուկ գործողության սպաներից բաղկացած փոքր զորակազմը։
The New York Times-ը զգուշացրել է, որ «Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքերը կարող են վնասել դիվանագիտական հարաբերություններին» և նշել, որ «դրանք արդեն իսկ բարդացրել են հարաբերությունները դաշնակից երկրների հետ և կասկածներ են առաջացրել Ամերիկայի՝ գաղտնիքներ պահելու ունակության հարցում»։