Գերագույն ռադան դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ խնդրելով նպաստել Ուկրաինայի արագացված անդամակցությանը դաշինքին։ Համապատասխան բանաձևն ընդունվել է երկուշաբթի կայացած նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդունված բանաձևի համաձայն՝ Ռադան հորդորում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարաններին և դաշինքի Խորհրդարանական վեհաժողովին կատարել 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը՝ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։
Ապրիլի 4-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո հայտարարել էր, որ Կիևը Վիլնյուսի գագաթնաժողովից ակնկալում է միայն կոնկրետ որոշումներ։ Նրա խոսքով՝ Ուկրաինային պետք չէ հերթական անգամ կրկնել, թե «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում»։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Գերմանիայի և Հունգարիայի հետ դեմ է ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի կապերի ամրապնդմանն ուղղված Լեհաստանի ու Բալթյան երկրների ջանքերին և հուլիսին կայանալիք գագաթնաժողովին դաշինքին անդամակցելու համար երկրին ճանապարհային քարտեզ առաջարկելուն:
Երբ 2022 թվականի սեպտեմբերի վերջին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այդ ընթացակարգը համարեց ժամանակավրեպ: