Չինաստանն ապրիլի 8-ից եռօրյա զորավարժություններ է անցկացնում Թայվանի մերձակայքում և դիպուկ հարվածներ է հասցնում տարածաշրջանի ու հարակից ջրերի ենթադրյալ թիրախներին, գրում է Reuters-ը։
Ըստ Չինաստանի պետական CCTV հեռուստաընկերության՝ Պեկինը զորավարժանքը, որին մասնակցում են ռազմածովային ուժերի 9 նավ, ինչպես նաև ավելի քան 70 մարտական ինքնաթիռ, կոչել է «Խիստ նախազգուշացում» ինքնավար տարածքի իշխանություններին՝ Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո։
Միաժամանակ չինական CCTV հեռուստաալիքը պարզաբանում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել «կղզու ամբողջական շրջապատումը»։
Պեկինը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մաս։ ՉԺՀ-ն միշտ կտրուկ է արձագանքել ամերիկյան քաղաքական գործիչների և Թայվանի ղեկավարության բացահայտ շփումներին՝ պնդելով, որ դրանք խաթարում են «Մեկ Չինաստան» սկզբունքը, որը ԱՄՆ-ն ճանաչել է 1972 թվականին։
Վաշինգտոնն էլ հայտարարում է, որ չի ճանաչում Թայվանը որպես անկախ պետություն, ինչպես ՄԱԿ-ի երկրների մեծ մասը, սակայն կտրականապես դեմ է կղզին ուժով Չինաստանին միացնելու Պեկինի սպառնալիքներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ընդգծել է, որ ամերիկյան կողմը կմիջամտի, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։