Փորձաքննությունների ազգային բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժինը նոր ծրագրային ապահովում է ձեռք բերել: Այն Հայաստանում միակ գործիքն է, որը թույլ է տալիս մի քանի անգամ ավելի արագ ու արդյունավետ նույնականացնել ձայնագրությունում, տեսանյութում կամ լուսանկարում հայտնված քաղաքացուն: Փորձագետները նախաքննող մարմնին արդեն իսկ նոր ծրագրով նույնականացված մի քանի տասնյակ եզրակացություններ են տրամադրել:
Սյուզաննա Պապիկյան («Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի դատաձայնագրային փորձագետ) - Ձայնագրությունում հնչող ձայնի տևողությունը առնվազն 30 վրկ պետք է լիներ, որ ծրագիրը ավտոմատացված եղանակով կատարեր նույնականացումը: Այժմ այս ծրագրում ներդրված ալգորիթմների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ընդհուպ 3+ վայրկյանով ձայնագրություններով կատարել ձայնի նույնականացում:
Նոր ծրագիրը նաև ձայնը ֆիլտրում է և հենց վերծանման ընթացքում մաքրում է կողմնակի աղմուկը: Բացի ձայնագրությունում մոնտաժի առկայությունից կամ նույնականացումից, այն նաև կարող է վերծանել դժվար լսելի ձայնագրությունները՝ կրկին ավտոմատացված:
Սյուզաննա Պապիկյան - Շատ հաճախ մեզ քննիչների կողմից առաջադրվում են հարցեր՝ արդյոք այս կամ այն արտահայտությունը կատարել է անձը, թե՞ մյուս անձն է կատարել: Ծրագիրը ավտոմատացված եղանակով կարողանում է ձայնագրություններում առանձնացնել մինչև 5 խոսող անձի ձայն: Եթե նախկինում փորձագետը իր լսողական աուդիտի վրա էր այդ ձայները առանձնացնում, դա հիմնականում ճիշտ էլ լինում էր, հիմա փորձագետի սուբյեկտիվ կարծիքին միանում է նաև ծրագրի օբյեկտիվ կարծիքը:
Բացի այդ, այստեղ փորձաքննում են նաև ավտովթարները: Տրամադրված եզրակացության շնորհիվ վթարի մեղավորին պարզելու գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ է դարձել:
Վաղարշակ Քոչարյան («Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ) - Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում տեսանյութերով ավտոմեքենաների արագության չափման նոր մեթոդներ են ներդրվել, ու տվյալ մեթոդներով հնարավոր է տեսանյութերով բավականին ճշգրիտ որոշել մեքենաների արագությունները և ՃՏՊ դեպքի հետ կապված այլ ելակետային տվյալներ, որոնք նախկինում հնարավոր չէր որոշել տեսանյութերով:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժինը ներգրավված է եղել նաև տեսանյութերի միջոցով գերիների նույնականացման աշխատանքում: 2020-22 թվականների ընթացքում 100 անձի դիմանկարային հետազոտություն են իրականացրել, արդյունքների մի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է տվյալ անձանց գերության փաստը: