Թույլ զարգացած երկրները դժվարություններ են ապրում ճգնաժամի, կլիմայական քաոսի ու «գլոբալ խոր անարդարության» ֆոնին։ Ամենաքիչ զարգացած երկրների գագաթնաժողովի բացմանը Դոհայում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա դատապարտել է հարուստ երկրներին և էներգետիկ հսկաներին՝ աղքատ երկրներին «գիշատիչ» տոկոսադրույքներով և վառելիքի խարխլող գներով ճնշելու համար: Գուտերեշը շեշտել է՝ ժամանակն է, որ զարգացած երկրներն իրենց համախառն ազգային եկամտի 0,15-0,2 տոկոսն ուղղեն քիչ զարգացած երկրներին օգնելու համար: Մասնագետների գնահատմամբ՝ մինչև քովիդը հաջողվել էր որոշակիորեն աղքատ երկրների վիճակը բարելավել:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Շատ վատ պատկեր ունեցանք հենց քովիդ համավարակի պայմաններով, քանի որ աղքատ երկրները բնականաբար հնարավորություն չունեին նախ հաղթահարել քովիդի սոցիալ-տնտեսական հետևանքները, բացի այդ զարգացած երկրներն այլևս ազատ գումարներ չունեին մեծ չափով, որպեսզի կարողանան նաև օժանդակել այդ երկրներին, քանի որ իրենց մոտ արդեն խնդրահարույց էր ազգաբնակչության սոցիալ-տնտեսական աջակցությունը, նաև առողջապահության ոլորտի ֆինանսավորումը:
Գուտերեշը հայտարարել է, որ առավել քիչ զարգացած երկրները «հեղափոխական» աջակցության կարիք ունեն առանցքային ոլորտներում՝ «աղքատության վերացումից մինչև սննդամթերք, առողջություն, մաքուր ջուր և սանիտարական պայմաններ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս երկրներին տարեկան 500 մլրդ դոլարի աջակցություն է անհրաժեշտ խնդիրները հաղթահարելու համար: ՄԱԿ-ի դասակարգումով այս պահին աշխարհում 46 քիչ զարգացած երկիր կա:
Տաթև Վարդանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Այնտեղ համախառն ազգային եկամուտն այս պահին 1018 դոլարից ցածր է, ի համեմատություն ԱՄՆ-ի, որտեղ 77 հազար դոլար է կամ Ֆրանսիայի որտեղ 40 հազար դոլար է, իսկ Հայաստանում օրինակ՝ 4800 դոլար է համախառն ազգային եկամուտը և էդ առումով ամենաքիչ զարգացած այդ 46 երկրները խոցելի երկրների խմբի մեջ են դասակարգվում, որտեղ որ մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ ու մարտահրավերներ կան: Դա է պատճառը, որ ՄԱԿ-ը միշտ ուշադրություն է դարձնում այդ երկրներին:
Ազգային տնտեսությունները չափելու նոր եղանակներ մշակելու անհրաժեշտության կա՝ հիմնված «ողջախոհության», այլ ոչ միայն ՀՆԱ-ի ծավալի վրա, սա ևս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության հիմքում էր: Նա ներկայիս ֆինանսական համակարգն անվանել է «խորապես կողմնակալ» և հայտարարել, որ դրա պատճառով առավել քիչ զարգացած երկրներում տոկոսադրույքներն ութ անգամ ավելի բարձր են, քան զարգացած պետություններում։ Մասնագետները թվարկում են նաև այն երկրները, որոնք դասվում են այս շարքին:
Կարեն Սարգսյան - Այդպիսի երկրները հիմնականում Աֆրիկայի մայրցամաքի երկրներն են, նաև որոշ ասիական մայրցամաքի երկրներ թույլ զարգացած: Մասնավորապես, եթե ըստ առավել թույլ զարգացած երկրներից օրինակ՝ Սուդանը, Անգոլան առավել թույլ զարգացած երկրներից են, միջին ցուցանիշով օրինակ՝ Մադագասկարը, որն իր աճի տեմպերով գրեթե գտնվում է միջին համաշխարհային մակարդակի վրա և նաև առավել լավ վիճակով երկրներ են՝ Ռուանդան, Կամբոջան:
Աղքատ երկրներում աշխարհի բնակչության 14 տոկոսն է ապրում, սակայն ընդամենը ՀՆԱ-ի 1,3 տոկոսն է բաժին ընկնում նրանց: Առաջին հերթին սոցիալական պատասխանատվության պատճառով է, որ զարգացած երկրները պետք է աջակցություն ցուցաբերեն աղքատ երկրներին նշում են փորձագետները:
Տաթև Վարդանյան - Նաև միգրացիան կանխարգելելու կարևոր գործիք է դա, որովհետև այդ երկրներից միգրանտները և փախստականները հատկապես շատ հաճախ սոցիալական բեռ են դառնում զարգացած երկրների համար, հետևաբար նրանք էլ մոտիվացիա ունեն այդ երկրներում զարգացնելու այնտեղի տնտեսությունը, զբաղվածությունը խթանելու, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց երկրում աշխատանք գտնել և շարունակել այնտեղ ապրելը:
Գագաթնաժողովում հնչած առաջարկությունների համաձայն կստեղծվի Դոհայի Գործողությունների ծրագիր՝ սննդամթերքի պահեստավորման համակարգ, որը կօգնի երաշտի և բարձր գների պատճառով սովի ճգնաժամի բախվող երկրներին: Ծրագիրը նախատեսում է ներդրումային կենտրոն ստեղծել, որը կօգնի այդ երկրներին օտարերկրյա ֆինանսավորում ներգրավել և նվազեցնել տոկոսադրույքները՝ մեղմելու իրենց պարտքերի ազդեցությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան