Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է փոփոխություններ նախագահի ինստիտուտում: Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ առաջարկը վերաբերում է նախագահի դերին ու կարգավիճակին: Խորհուրդն ավելի վաղ կողմ էր արտահայտվել՝ չփոխել երկրի կառավարման ձևը:
Տիգրան Դադունց (ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Որպես սահմանադրության պահապան, որպես իրավունքի գերակայության, օրինականության ամրապնդման համար պատասխանատու` նաև ուղղակիորեն հնարավորություն տրվի, որ նախագահը ներում, պարգևներ, քաղաքացիություն շնորհի` առանց վարչապետի միջնորդության: Նման փոքր դետալներ որոշվել է, որ հայեցակարգում կլինեն: Բայց էական փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ որոշվել է պահպանել խորհրդարանական կառավարումը:
Փետրվարին հանձնաժողովի վերաձևավորումից հետո սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գումարել է 4 նիստ, վերջին նիստում կողմ են քվեարկել նաև Սահմանադրությամբ պետական մարմինների լիազորությունները մասնավոր իրավունքի սուբյեկտներին պատվիրակելու հնարավորություն նախատեսելու հարցին:
Դանիել Իոաննիսյան (Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ) - Հայաստանում նման մի բան կա նոտարների մասով, երբ որ նոտարները մասնավոր են, բայց պետական ֆունկցիա են անում: Շատ երկրներում հաջողված պրակտիկա կա հարկադիր ծառայությունների հետ, որոնք ավելի էֆեկտիվ են, քան պետությունները: Օրինակ Հարկադիր կատարման ծառայությունն է, որ ոչ միայն պետությունը կատարի էդ ֆունկցիան, այլ նաև մասնավորը, որ լինի լիցենզավորված, հսկողությամբ:
Իոաննիսյանի խոսքով՝ վերջին շրջանում սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ու հանձնաժողովը սկսել են ավելի ակտիվ աշխատել: Կայացվել է ընդհանուր 15-ից ավելի որոշում, 7-ը վերաբերում է կոնկրետ հայեցակարգային ուղղություններին: Որոշվել է նաև սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանությունը հասցնել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանվածության մակարդակին, որպեսզի քաղաքացիները դրանց համար կարողանան դիմել Սահմանադրական դատարան: Հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն, ի թիվս բազմաթիվ հարցերի, կարևոր է համարում գործադիր-օրենսդիր փոխհարաբերությունների վերանայումը, խորհրդարանական հսկողության ուժեղացումը:
Որոշումներից մեկն էլ վերաբերում է հանրային կառավարման արդյունավետությանը խոչընդոտող սահմանադրական կարգավորումներին: Առաջարկվել է ընդլայնել նորմատիվ իրավական ակտեր ընդունողների շրջանակը:
Տիգրան Դադունց - Նախնական ժամկետներով աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբեր, ավելի մեծ գլուխներ կան, նույն դատական իշխանության բլոկը, որ դեռ չի քննարկվել: Որոշվել է, որ գնում ենք խորհրդարանական կառավարման ճանապարհով, նաև որոշվել է` վերանայումներ են արվելու դրա ներքո ինստիտուտների մեխանիզմների առումով:
Մշակվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կուրվագծի, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն մայր օրենքի տեքստում: