Այս տարվա փետրվարին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը ռեկորդային է տվյալ ամսվա համար՝ ավելի քան 130 հազար մարդ: Նախորդ տարվա փետրվարին մեր երկիր այցելել է 72 հազար զբոսաշրջիկ, 2021-ի փետրվարին՝ 26 հազար, 2020-ի նույն ամսում՝ 107 հազար, 2019-ի տվյալ ժամանակահատվածում՝ 96 հազար։
Անուշ Բաբայան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Հունվարի համեմատ նվազում է արձանագրվել 18 տոկոսով, բայց 80,2 տոկոսով՝ 2022 ի փետրվարի համեմատ:
Տուրիստական ընկերության խմբային տուրերի մենեջերը նշում է, որ փետրվարին արձանագրված բարձր ցուցանիշն իրենց կազմակերպությունում էլ է նկատելի:
Լուիզա Գասպարյան (տուրիստական ընկերության խմբային տուրերի մենեջեր) - Մոտավոր ունեցել ենք 50 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ, և, դե, բնականաբար, 2019-ը համարվում է ամենաբարձրը. 2023-ը դրան էլ է գերազանցել մոտ 20 տոկոսով:
Տուրիստական ընկերության աշխատակիցը նշում է՝ զբոսաշրջիկներին Հայաստանը քայլարշավային ուղղություններով է հետաքրքրել, տեսարժան վայրերով, կոթողներով, գինու համտեսներով ու գաստրո տուրիզմով, որը, ի դեպ, Հայաստանում նկատելի թափ է առնում: Եվ դա դեռ հետաքրքրությունների ամբողջական ցանկը չէ:
Լուիզա Գասպարյան - Ուղղություններ, որոնք մաստեր կլասների են մասնակցվում, օրինակ, լավաշի թխման արարողությունը կամ Գյումրիի դռների պատրաստման դասընթացների են մասնակցում զբոսաշրջիկները:
Ներգնա տուրիզմի բարձր ցուցանիշը ապահովել են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկարինայից, Միացյալ Նահանգներից և եվրոպական մի շարք երկրներից եկածները: Այս տարվա փետրվարը առանձնահատուկ է եղել նաև մեկ այլ ցուցանիշով՝ Հայաստան զբոսաշրջային աճ ապահոված 10 երկրների ցանկում հայտնվել է Ֆիլիպինները: Անուշ Բաբայանի խոսքով՝ նկատելի բարձր ցուցանիշ ակնկալվում է ունենալ 2023-ի առաջին եռամսյակում ամբողջապես, քանի որ մարտից արդեն Հայաստանում զբոսաշրջային սեզոն է համարվում, ու նոր հոսք է սպասվում:
Անուշ Բաբայան - Ավելի շատ օդային տրանսպորտով են եղել այցելությունները, 87 000 օդային, 42 000 ավոմոբոլիային տրանսպորտով են եղել:
Ե՛վ զբոսաշրջության կոմիտեն, և՛ տուրիստական ընկերությունները հերքում են խոսակցությունները, թե զբոսաշրջիկների աճի հիմնական պատճառը Ռուսաստանում իրականացվող մոբիլիզացիան է: Ուսումնասիրությունը փաստում է, որ օտարերկրյա այցելուների մեծ մասը Հայաստանում 7-10 օր է անցկացնում: Զբոսաշրջիկների շուրջ 60 տոկոսը տղամարդիկ են, 40 տոկոսը՝ կանայք: