ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն անհնար է, քանի դեռ ուկրաինական որոշ տարածքներ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Բլինքենը Մոսկվային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել: Բայց հիմա այն գործնականում կվավերացնի ուկրաինական շրջանների բռնագրավումը: Այս դեպքում արդար և տևական խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- պարզաբանել է պետքարտուղարը:
Երեկ ՌԴ ԱԳ նախարարը, Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման շրջանակում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում բանակցություններից, սակայն դրանք հնարավոր են, միայն եթե հաշվի առնվեն ռուսական կողմի շահերը:
«Կիևից, Վաշինգտոնից, Բրյուսելից հայտարարություններ են հնչում, որ ռազմական գործողությունները չպետք է դադարեցվեն: Միևնույն ժամանակ մեզնից պահանջում են դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա ոչ բարեխիղճ խաղ է»,- ասել է Սերգեյ Լավրովը։