Մեծամորը Արմավիրի ամենաշատ՝ 31 բնակավայր ունեցող խոշորացված համայնքն է: Միավորվելուց հետո աշխատակազմը կենտրոնացավ. մոտ 70 հոգանոց թիմ ձևավորվեց. բոլորին համայնքապետարանի վարչական շենքում տեղավորելը դարձավ անհնար: Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի խոսքով՝ աշխատասենյակ չունենալու պատճառով մարդիկ նույնիսկ միջանցքներում են աշխատում:
Վահրամ Խաչատրյան (Մեծամոր համայնքի ղեկավար) - Աշխատողները շատացել են, բաժինները ավելացել են, նախկինում 15 աշխատող է եղել: Էներգետիկների քաղաքում համայնքապետարանի վարչական նոր շենք ունենալու անհրաժեշտություն առաջացավ: Ընտրությունը կանգ առավ պոլիկլինիկայի նախկին շենքի վրա, որը տարիներ առաջ դատարկվել էր՝ վթարայնության պատճառով: Հենց այդ կառույցն էլ Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ նվիրաբերվեց Մեծամորին:
Վթարային շենքը ներառվեց սուբվենցիոն ծրագրում՝երկրորդ կյանք ստանալու և համայնքապետարանի վերածելու նպատակով: Շինարարներն արդեն գործի են անցել:
Տիգրան Մելիքյան (Շինարարական ընկերության տնօրեն) - Մետաղի գործման պրոցեսում ենք, հետագայում նախատեսված է ամրացում՝ամբողջ շենքում: Ջրագիծ, կոյուղի նոր պետք է կառուցվի, քանի որ գոյություն ունեցողը շատ հին էր, առանձին կոյուղի է կառուցվելու, ջրատար ցանցը՝ նորացվելու, հոսանքի նոր կետ ենք մոնտաժելու: Շենքը վերակառուցվում է պետության 35 և համայնքի 65 տոկոս համաֆինանսավորմամբ: Երկհարկանի շենքի ամեն հարկում 14 աշխատասենյակ է լինելու՝ նախատեսված 5-ական աշխատակցի համար: Նոր համայնքապետարանը նաև հանդիսությունների սրահ և ճաշարան կունենա: Շենքը կտաքացվի ջեռուցման անհատական համակարգով:
Համայնքապետարանի վարչական շենքը հերթական կառույցն է՝ մանկապարտեզներից, բնակարանների տանիքներից, մշակույթի տնից ու ջրամատակարարման ցանցից հետո, որ հիմնանորոգվում է համաֆինասավորման ծրագրով: Մեծամորն` իր բոլոր բնակավայրերով բազմաթիվ կուտակված խնդիրներ ունի: Դրանց մի մասը ներառվել է այս տարվա սուբվենցիոն փաթեթում:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մեծամորում 23 թվին մեծ ծրագրեր են նախատեսվում, որի արժեքը կազմում է 4,5 մլրդ դրամ, մասնավորապես, բոլոր բնակավայրերի ջրատար ցանցի կառուցում, այդ բնակավայրերը 18-ն են, իսկ դրանց կառուցումը կազմում է 2,5 մլրդ դրամ: Նաև՝ բազմաթիվ այլ ծրագրեր՝ մանկապարտեզ, փողոց, գազիֆիկացում: Իսկ համայնքապետարանի շենքի շահագործման վերջնաժամկետը թեև սեպտեմբերն է, շինարարները խոստանում են աշխատանքներն ավելի շուտ ավարտել: