Հայաստանյան արտադրանքը Կալիֆոռնիայում առաջիկա ամիսներին կունենա մշտական հասցե։ Հայաշատ քաղաքներից մեկում՝ Բրբենքում, բացվեց «Հայկական բիզնես անկյունը»։ Նախագծի հեղինակների խոսքով՝ առաջիկա վեց ամիսներին այստեղ կներկայացվեն ամերիկյան շուկա մուտք գործելու տեսակետից հեռանկարային հայկական ընկերությունները։
Միքայել Հայրապետյան («Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիր) - Հայկական ապրանքները ներկայացված են ԱՄՆ-ում, բայց քայլ առաջ անելու համար ապրանքը այլ անկյունով պետք է ներկայացնենք: Վեց ամիս աշխատանք է պետք ստացիոնար, որ կարողանանաք այդ միտքը ճիշտ մատուցենք, որ հաջողություն ունենանք։
Հայաստանից եկած ընկերությունների առաջին խմբում ընդգրկված է խմիչք, չիր, մեղր, հագուստ, կոշիկ արտադրող, նաև՝ ծառայություններ մատուցող, շինարարական ու զբոսաշրջային ոլորտի երեսուն ընկերություն։
Միքայել Հայրապետյան - Մեխանիզմը. առաջին՝ բոլոր ընկերությունները պետք է ընդունեն ամերիկյան բիզնեսի հոգեբանությունը և կարողանան հասկանալ՝ ինչպես պետք է աշխատել ամերիկյան շուկայում: Դա հաջողության գաղտնիքն է: Այսօր ունենք բավական հմուտ մասնագետներ, որոնք կուղղորդեն այդ ճանապարհին։
Բրբենքի քաղաքապետը ողջունեց հենց այս քաղաքում հայկական բիզնես անկյուն բացելու նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ այն կարող է կամուրջ դառնալ տեղի և հայաստանյան գործարարների միջև։
Կոնստանտին Էնթոնի (Բրբենքի քաղաքապետ) - «Հայկական բիզնես անկյունը» կարող է կապող օղակ դառնալ Հայաստանի արտահանող և ամերիկյան ներմուծող ընկերությունների համար, օգնել մարդկանց հասկանալ՝ ինչ հարկեր և տուրքեր կան այստեղ, ինչ թույլտվություններ են անհրաժեշտ, այսինքն՝ բոլոր մանրամասները բիզնեսի համար, քանի որ առաջին անգամ Կալիֆոռնիա եկողները կարող են տեղյակ չլինել։ Մենք գիտենք, որ հայերն աշխատասեր են, մենք միայն պետք է կարողանանք նպաստավոր միջավայր ապահովել։
Հայկական բիզնես անկյունի բացմանը մասնակցեցին հայ և ամերիկացի պաշտոնյաներ, համայնքային գործիչներ։ Եկել էին նաև ամերիկահայ գործարարներ՝ գնահատող աչքով ուսումնասիրելու հայկական արտադրանքը։ Նրանք կարծում են՝ այստեղ կարելի է գործընկերներ գտնել ու բանակցել նաև ամերիկյան խոշոր ընկերությունների մասնաճյուղերը Հայաստան տանելու ուղղությամբ։
Գևորգ Սալիբյան (գործարար) - Շատ աղվոր է, ճաշակով է, որակը լավ է, լավ շինված է։ Հետաքրքրական է, լավ առաջին քայլ է ասիկա և երթալով կրնա մեծանալ, շատ մեծանալ։
Սարգիս Նուրյան (գործարար) - Մանավանդ չրերը, մեղրը: Հետաքրքիր էր: Մի քանի բաներ կան, որ հաջողություն կարան գտնեն։ Գիտեմ, որ կրնանք հաջողություն բերել Հայաստանի էքսպորտի համար, հագուստի համար մանավանդ: Ես կհավատամ, որ Հայաստանը կրնա հաջողի։
Մարիա Աղաբալյան (գործարար Հայաստանից) - Բրենդը կտարածվի ԱՄՆ-ում, կճանաչեն մեր հայկական պրոդուկցիան, ու կխթանվի ընդհանուր առմամբ մեր հայկական պրոդուկցիան։
Այցելու - Մենք տալիս ենք հարյուր-հարյուր քսան դոլար, առնում ենք Նապա Վալիինը: Ես տեսա շիշը ու մտածեցի՝ սա չի զիջի նրան։ Ու օգնելու ենք մեր հայրենիքին, մեր հողին, մեր ջրին, մեր զինվորին. ինչո՞ւ հայկականը չլինի։ Եթե հայկականը կարող է փոխարինել տեղականին, իհարկե՝ հայկականը։
«Հայկական բիզնես անկյուն» նախագծի թիմը առաջիկա վեց ամիսներին ամենօրյա աշխատանք ունի անելու։ Առաջին թիրախներից մեկը ամերիկյան խոշոր խանութների ցանցերի հետ գործակցությունն է։