Երևանի փոխքաղաքապետն ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը վերջին ծառերից մեկն են տնկում «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքում: Ավելի քան 10 հեկտարի վրա շուրջ 2 ամիս տևած ծառատնկման աշխատանքներն այսօր ավարտվել են:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Եռաբլուրը ինքն իր խորհուրդը ունի, և այստեղ կազմակերպվող ծառատունկը նվիրված է մեր տղաների 44 օրյա պատերազմում զոհված և անհետ կորած տղաների հիշատակին: Էստեղ մասնակցում են բոլոր վարչական շրջաններից մեր գործընկերները, զոհվածների ծնողներ, պատերազմի մասնակիցներ և ուղղակի երևանցիներ, և ես կարծում եմ, որ էս աշխատանքը շատ կարևոր աշխատանք է և բոլորիս համար նույն խորհուրդն ունի:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ երբևէ չի եղել, որ շինարարական թափոնների վրա անտառ հիմնվի: Ընդհանուր 36 տեսակի 4000 ծառ է տնկվում՝ նշում է Արմեն Բեգոյանը:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Բերել ենք և՛ մեծ ծառեր, և՛ փոքր ծառեր: Այդ մեծ ծառերը տնկվում են հատուկ. տարիքով մեծ ծառեր, որպեսզի անտառի տեսքը հնարավորինս ավելի շուտ կանաչ զանգվածն ապահովի: Էս տարի էլ կտեսնենք, իհարկե, բայց հաջորդ տարի կտեսնենք արդեն, տեսանելի կլինի անտառն ամբողջությամբ, ևս 2-3 տարի, և անտառը կունենա այն խտությունը, որը պահանջվում է:
Տնկվել են վայրի պտղատուներ: Մասնագետի հավաստմամբ՝ դրանք դիմանում են հողի աղակալմանը:
Հասմիկ Խուրշուդյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ) - Հետո՝ բավականին աղքատ հողերում էլ կարողանում են աճել, և, իհարկե, ֆասադային մասում կլինեն դեկորատիվ տեսակներ՝ սոսիներ, գիհիներ և այլ տեսակներ, ալբիցիա և այլն:
Օդի աղտոտվածությունը Երևանի ամենամեծ խնդիրներից է, որի պատճառներից մեկն էլ նվազ կանաչ տարածքներ ունենալն է:
Տիգրան Ավինյան - Իհարկե, օդի աղտոտվածությունը հիմնականում կապված է հանքերի հետ, կապված է շինարարության հետ, կապված է տրանսպորտային միջոցների հետ, բայց որպեսզի մենք կարողանանք Երևանում ավելի լավ որակի օդ ունենալ, մեզ պետք է նվազագույնը եղած կանաչ ֆոնդը Երևան քաղաքում կրկնապատկել: Դա՝ նվազագույնը, և մենք էդ նպատակն ունենք, և մենք էդ նպատակին վստահաբար հասնելու ենք:
Մայրաքաղաքն այս անտառհիմնման համար լրացուցիչ ծախս չի իրականացրել՝ վստահեցրեց Արմեն Բեգոյանը, ամեն ինչ արվել է այն բյուջեի սահմաններում, որն ամեն տարի հատկացվում է ՀՈԱԿ-ին: Փոխքաղաքապետն էլ հայտարարեց, որ անտառտնկման աշխատանքներ նաև Նոր Նորքում են նախատեսված:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան