ԲԱՔՈՒՆ ԽԱԽՏՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. ԻՐԱՆԻ ԱԳՆ
Իրանը համարում է, որ Ադրբեջանում իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելով՝ Բաքուն խախտում է բարիդրացիության սկզբունքները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Նասեր Քանանին կոչ է արել Բաքվին հարգել Թեհրանին, ձգտել բարիդրացիության, ինչպես նաև հեռու մնալ տարածաշրջանի թշնամիներից, այդ թվում՝ Իսրայելից։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրանցի չորս դիվանագետ անցանկալի անձ է ճանաչվել և նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լքեն Ադրբեջանի տարածքը՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով։ Բաքուն Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է արտահայտել իբրև թե Թեհրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործողությունների կապակցությամբ։
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԹԵԼ ԱՎԻՎՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը՝ վիրավորվել: Նշվում է, որ բոլորը զբոսաշրջիկներ են եղել: Հանցագործը վրաերթի է ենթարկել հետիոտներին, իջել մեքենայից, փորձել կրակել քաղաքացիների վրա: Ոստիկանները կարողացել են վնասազերծել 30-ամյա տղամարդուն: Տեղի ունեցածից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Թել Ավիվում հարձակումը տեղի է ունեցել պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի իրավապահները երկու անգամ ներխուժել են Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ, տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս հանել մզկիթից, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ կիրառել։ Իսրայելական կողմի պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ ոստիկանները ցանկացել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված երիտասարդներից, որոնք հակաիսրայելական կարգախոսներ են հնչեցրել և փորձել թաքնվել մզկիթում: Այս միջադեպերից հետո Իսրայելի տարածքը զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել Լիբանանի և Գազայի տարածքից, իսրայելական կողմն էլ պատասխան օդային հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության օբյեկտներին:
ՂՐԻՄԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ, դրան այլընտրանք չկա՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ «Ղրիմի դեօկուպացիան անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան հայտարարել էր, որ մարտի դաշտում հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով: «Երբ մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին և հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, դիվանագիտական նոր էջ կբացենք, բայց դա չի նշանակում, թե բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- նշել է Սիբիգան։
ՌԴ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ՀՐԱԴԱԴԱՐՆ ԱՆՀՆԱՐ Է. ԲԼԻՆՔԵՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն անհնար է, քանի դեռ ուկրաինական որոշ տարածքներ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Էնթոնի Բլինքենը Մոսկվային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել: Բայց հիմա այն գործնականում կվավերացնի ուկրաինական շրջանների բռնագրավումը: Այս դեպքում արդար և տևական խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- պարզաբանել է Բլինքենը:
Երեկ ՌԴ ԱԳ նախարարն Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման շրջանակում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում բանակցություններից, սակայն դրանք հնարավոր են, միայն եթե հաշվի առնվեն ռուսական կողմի շահերը: «Արևմուտքից հայտարարություններ են հնչում, որ ռազմական գործողությունները չպետք է դադարեցվեն: Միևնույն ժամանակ մեզնից պահանջում են նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա ոչ բարեխիղճ խաղ է»,- ասել է Սերգեյ Լավրովը։
ՀԵՐԹԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՅՎԱՆԻ ՇՈՒՐՋ
Թայվանը կղզուն հարող տարածքում արձանագրել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 42 թռչող սարք և 8 նավ՝ հայտնում է Թայվանի պաշտպանական գերատեսչությունը։ Նշվում է, որ 29 թռչող սարք մտել է կղզու հակաօդային պաշտպանության գոտի։
Ավելի վաղ չինական կողմը հայտարարել էր ապրիլի 8-10-ը Թայվանի նեղուցում, ինչպես նաև կղզու հյուսիսային, հարավային և արևելյան ջրերում զորավարժություններ անցկացնելու մասին: Չինական բանակը նաև պարեկություն կանցկացնի Թայվանի շուրջ։ Ի պատասխան Թայվանն օդ է բարձրացրել մարտական ինքնաթիռներ:
Լրատվամիջոցները գրում են, որ զորավարժությունները տեղի են ունենում Կալիֆորնիայում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի և Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի նախապես չհայտարարված հանդիպման ֆոնին, որից հետո ամերիկյան կողմը հայտարարեց Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թայվանի և Միացյալ Նահանգների շփումները, զգուշացրել՝ Պեկինը վճռական արձագանք կտա։ Միաժամանակ, ամերիկյան կողմը նշում է, որ ԱՄՆ-Թայվան գործակցությունը չի խաթարում «մեկ Չինաստանի» սկզբունքը: