Հարթակ, որը պետք է ծառայեցնել լուծումներ գտնելու, այլ ոչ թե պարզապես խոսելու համար. վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ երկրորդ անգամ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Այս անգամ ևս ընտրվել էր տոնական օր՝ Մայրության և գեղեցկության տոնը. նախորդը մարտի 8-ին էր: Աննա Հակոբյանը այս անգամ խոսել է ոչ թե կանանց տեղի ու դերի, նրանց խնդիրների ու հնարավորությունների մասին, այլ առաջարկել է կենտրոնանալ քննարկումների և լուծումների վրա:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Անկեղծորեն պիտի ասեմ, որ ես գտնում եմ, որ մենք բավականին թերացել ենք մեր դերում՝ երկար տարիներ, տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ, և ես գտնում եմ, որ մենք էն, ինչ որ սովորեցնում ենք դպրոցում, մեր ուսուցիչները ինչ որ սովորեցնում են մեր ընտանիքներում, դրանք ընդամենը խոսքեր են և բխում մեր կյանքից: Այսօր ես մարզային այցերի ընթացքում այցելում եմ դպրոցներ, որտեղ լինում են միջոցառումներ, երեխաները գալիս են, կանգնում են, երգում են, արտասանում են, և ես ամեն անգամ արձանագրում եմ, որ էն, ինչ որ հնչում է այդ հրեշտակների շուրթերից, ոչ մի կապ չունի մեր կյանքի հետ:
Պետությունը բոլորիս արտացոլումն է. Աննա Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ հայ կնոջ դերը կարևոր է հենց պետության տեսակետից: Կանանց համար այսօր շատ հնարավորություններ կան: Որպես օրինակ՝ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեջբերեց՝ պարեկային ծառայության թափուր հաստիքները պետք է համալրվեն կանանցով:
Աննա Հակոբյան - Շատ լավ գիտակցում եմ՝ ինչ է նշանակում Դիլիջանում կանանց խորհուրդ տալ ակտիվորեն և ինքնվստահ գնալ, սովորել և դառնալ պարեկ: Բայց առաջին հերթին դա պետությանը, հանրությանը, քո համայնքին, քո քաղաքին, քո երեխային ծառայելու հնարավորություն է, ինչ-որ բան փոխելու, մեր առօրյա կյանքը ավելի օրինապահ դարձնելու հնարավորություն է. մեկ: Եվ, ինչու ոչ, կանայք, որ պետք է դրանով զբաղվեն: Ինչու. որովհետև կինը պատասխանատու է իր ընտանիքի, իր օջախի և բոլոր տեսակի անվտանգությունների համար: Որտեղից ենք մենք վերցրել, որ հատկապես էդ կերպարով անվտանգության ապահովումը կնոջ գործը չէ, որտեղից է բխել սա՝ էդ կարծրատիպը, որ կինը իր ընտանիքի, երեխաների առողջությունից մինչև սնունդ՝ բոլոր տեսակի անվտանգության պատասխանատուն է, և ինչու պետության մեջ էդ դերը չպետք է կատարի, ինչու: Եվ ցանկացած կին կարող է կատարել ցանկացած աշխատանք, և բացառապես էդ կնոջից է կախված, ոչ թե աշխատանքից է կախված, այլ կնոջից է կախված, թե ինքը այդ աշխատանքում ինչպիսի կերպար իր համար կվաստակի:
Հաշվի առնելով բազմաթիվ կարծրատիպերը՝ պարեկային ծառայությունից խուսափելն անխոհեմ է՝ պնդել է Աննա Հակոբյանը, առաջարկել խոհեմության, իմաստության, հզորության էջ սկսել:
Աննա Հակոբյան - Մենք պետք է և պարտավոր ենք նախ մենք երջանիկ լինել, բավարարված լինել մեր ընտանիքով ու մեր աշխատանքով, մեր ներդրումով մեր հանրային կյանքում, որ այդ երջանկությունը կարողանանք կիսել մեր երեխաների, մեր ամուսինների, մեր եղբայրների, մեր ծնողների, մեր հանրության, մեր համայնքի հետ, տարածենք և, առհասարակ, Հայաստանը ի վերջո երջանկության, ապահովության և անվտանգության փուլ թևակոխի: Ես էստեղ իսկապես շեշտը դնում եմ հայ կանանց վրա և գտնում եմ, որ մենք պետք է էդ քայլը անենք:
Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ քայլը բոլորը պարտավոր են անել այն մարդկանց համար, որոնք անմահացել են մեր օրհներգի վերջին տողերին հավատալով, և պետք է գործել նաև հանուն նրանց:
Հաջորդ ելույթը Հայաստանի գլխավոր դատախազինն էր, որը ատելության խոսքի բացասական ազդեցության մասին խոսեց:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Իմ աշխատանքում, բացի նրանից, որ ես ձգտում եմ օգնել, խրախուսել, հենմման կետ և ուս դառնալ խելացի աղջիկների համար, ես ձգտում եմ ինձ շրջապատող բոլոր աղջիկներին և կանանց, իմ իսկ օրինակով, սովորեցնել մի բան, որ եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ: Հարգանքը չի ձևավորվում «ես քեզ հարգում եմ» բառերով, ես պետք է հարգեմ քեզ՝ դիմացինիդ, և տեսնեմ այն ճանապարհը, որ դու անցնում ես:
Աննա Վարդապետյանը հիշել է մինչև գլխավոր դատախազի պաշտոնին նշանակվելը վարչապետի հետ խոսակցությունից մի դրվագ: Նիկոլ Փաշինյանը հարցրել էր, թե ի՞նչ դատախազություն է թողնելու Վարդապետյանը պաշտոնավարումից հետո:
Աննա Վարդապետյան - Ասացի, որ ես հանձնելու եմ պրոֆեսիոնալ, ազնիվ, հանդուրժող և կանանցով մի փոքր ավելի հագեցած դատախազություն, քան այս պահին կա:
Այսօր կնոջ դերը մեծ է առավել, քան երբևէ, քանի որ վտանգված է խաղաղությունը՝ ընդգծել է ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում զոհվածի մայր է:
Նաիրա Հովսեփյան (ԲԴԽ անդամ) - Պիտի վայր դնենք պատերազմի գործիքները: Որոնք են այդ գործիքները. ատելությունն է, նախանձը, չարակամությունը: Պիտի խաղաղությանը հասնենք քայլ առ քայլ և խաղաղության գործիքները գործի դնենք: Պիտի ամեն օր, որ տեսնում ենք միմյանց, ասենք՝ օրը բարի լինի, հանդուրժող լինենք, սիրենք իրար: Այ, այդ դեպքում մենք իսկապես կունենանք ուժեղ հայրենիք և պետություն:
Որքանով են կանայք ակտիվ և ներգրավված անվտանգության ոլորտում, իրավապահ համակարգում, քաղաքականությունում ու զինված ուժերում: Ինչպիսի միջավայրում են կատարում իրենց աշխատանքը, ինչպես են համադրում աշխատանքն ու ընտանիքը, որքանով են տղամարդիկ կիսում ընտանիքի հոգսերը. այս թեմաների շուրջ է խոսել մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան) - 2020 թվականին Հայաստանի գենդերային նկարագիրը կոչվող մի ուսումնասիրության տվյալներով՝ աշխատաշուկայում զբաղվածություն ունեցող կինը Հայաստանում այսպես կոչված «տնային գործերի» վրա ծախսում է շաբաթական 27,5 ժամ, զբաղվածություն չունեցող կինը՝ 37,5 ժամ: Մինչդեռ տղամարդը, այդ նույն գործերի վրա շաբաթական 11 ժամ է ծախսում, անկախ այն բանից՝ նա աշխատաշուկայում ունի զբաղվածություն թե չունի: Ընտանիքի և երեխաների հոգսերով զբաղվածության այս անհամաչափությունն ուղիղ ազդեցություն ունի տարբեր սեռի անձանց աղքատության ցուցանիշի վրա:
Նույն ուսումնասիրությանը հղում անելով՝ Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է՝ երեխաներ ունենալու հանգամանքը ավելի շատ ազդում է կանանց զբաղվածության մակարդակի վրա: Երկու երեխա ունեցող կինը Հայաստանի աշխատաշուկայում 2 անգամ քիչ մասնակցություն ունի, քան նույն կարգավիճակում գտնվող տղամարդը:
Քրիստիննե Գրիգորյան - Ու չնայած անգամ նման սահմանափակումներին ու աշխատանքի դիմաց վարձատրության անհավասարությանը, մենք՝ կանայք ու աղջիկներս, ձգտում ենք կատարելության, ինչը մեր զարգացման ու հզորացման շարժիչն է: Սրանց պետք է գումարենք մեր սկզբունքային մոտեցումը, այն է՝ ցանկացած խոչընդոտ հնարավորություն դարձնելու մեր պրպտումը:
Ելույթներին հաջորդել է 4 պանելային քննարկում՝ «Կանայք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», «Կանայք աշխատաշուկայում. առավելություն թե դժվարություն», «Իրավունքների ապահովման գործընթացը տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից» խորագրերով, իսկ վերջինը ինտերակտիվ շփում էր դահլիճի հետ, որի ընթացքում հարց ու պատասխան է եղել: Աննա Հակոբյանը վստահեցրել է՝ նման համաժողովները շարունակական են լինելու և կազմակերպվելու են Հայաստանի բոլոր մարզերում: