Գանձապահը ձևակերպում է հագուստի վաճառքն իրականացնելու գործարքը: Գումարի չափը և ՀԴՄ հերթական կտրոնի տպագրումը տեսանելի կլինի եկող ամիս ներկայացվելիք պետական եկամուտների կոմիտեի տվյալներում:
Այս տարվա հունվար-մարտին հաշվարկային փաստաթղթերով և ՀԴՄ կտրոններով 141.9 մլն հատ գործարք է կատարվել՝ 9.9 տոկոսով կամ 12.8 մլն գործարքով ավելի` 2022-ի համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ:
Գումարային առումով այս տարվա առաջին եռամսյակում առևտրի ոլորտում շրջանառվել է մոտ 2.5 տրլն դրամ / 2 տրլն 480.3 մլրդ դրամ/, 591 մլրդ-ով կամ 31.3 տոկոսով ավելի նախորդ տարվա հունվար-մարտ ցուցանիշից:
Սյուզաննա Տիտիզյան (Խանութ-սրահի մենեջեր) - Այս պահին ծավալային տվյալների մասին չեմ կարող հստակ տեղեկություններ տրամադրել, բայց նկատելի աճ կա, քանի որ թե՛ տեղացիները, թե՛ օտարերկրացիները շատ են մեզ մոտ գալիս:
Եղել են նաև կոնկրետ օրեր, երբ առևտուրը գերազանցել է սպասելիքները:
Սեդա Հովհաննիսյան (Խանութ-սրահի գանձապահ) - Հատկապես այս ակտիվությանը նպաստեցին նաև մարտի 8-ին և դրա նախօրեին կատարված գնումները:
Մեկ այլ տնտեսվարողի մոտ առևտրի ծավալների աճ եղել է, բայց սպասվածից քիչ:
Վարդան Պետրոսյան (Խանութ-սրահի մենեջեր) - Ունենք փոքր-ինչ աճ, որը դրական ալիքներ է փոխանցում բոլորիս: Բնականաբար, նախորդ տարիների նկատմամբ տարբերություն կա: Ես կարող եմ հաստատել 10-ից 15 տոկոսի տարբերությունը որպես աճ:
Մասնագետների համար առևտրի մեծ աճը տարվա առաջին ամիսների համար փոքր ինչ անսպասելի է, սովորաբար Ամանորին հաջորդող ամիսներն առևտրի առումով պասիվ են լինում: Սոս Խաչիկյանը նշում է՝ առևտրաշրջանառությունն այն ոլորտներից է, որն արտացոլում է բնակչության կենսամակարդակը:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Առևտրաշրջանառությունն այն ոլորտն է, որտեղ շատ մեծ չափով բիզնես ներգրավված չէ, հենց բնակչությունն է ներգրավված առևտրաշրջանառության մեջ, և այդ ծավալների աճը նշանակում է, որ բնակչությունը անմիջականորեն մեծ դեր ունի այդ շրջանառության մեջ. եկամուտների ավելացում և գնողունակության ավելացում կա:
ՊԵԿ-ն առաջին եռամսյակում, բոլոր ոլորտներից հավաքագրել է 461.4 մլրդ դրամ հարկ ու տուրք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդով կամ 15.2%-ով:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան