Թայվանը կղզուն հարող տարածքում արձանագրել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 42 թռչող սարք և 8 նավ՝ հայտնում է Թայվանի պաշտպանական գերատեսչությունը։ Նշվում է, որ 29 թռչող սարք մտել է կղզու հակաօդային պաշտպանության գոտի։
Ավելի վաղ չինական կողմը հայտարարել էր ապրիլի 8-10-ը Թայվանի նեղուցում, ինչպես նաև կղզու հյուսիսային, հարավային և արևելյան ջրերում զորավարժություններ անցկացնելու մասին: Չինական բանակը նաև պարեկություն կանցկացնի Թայվանի շուրջ։
Լրատվամիջոցները գրում են, որ զորավարժությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի և Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի՝ նախապես չհայտարարված հանդիպման ֆոնին, որից հետո ամերիկյան կողմը հայտարարեց Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թայվանի և Միացյալ Նահանգների շփումները, զգուշացրել՝ Պեկինը վճռական արձագանք կտա։ Միաժամանակ, ամերիկյան կողմը նշում է, որ ԱՄՆ-Թայվան գործակցությունը չի խաթարում «մեկ Չինաստանի» սկզբունքը: