Օպերացիոն համակարգերը սպասարկող ընկերությունները Հայաստանի մի շարք քաղաքացիների ծանուցել-նախազգուշացրել են, որ հաքերները փորձել են մուտք գործել և կորզել տվյալներ իրենց հեռախոսներից, որոշ դեպքերում՝ հաջողությամբ կոտրել են համակարգը:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Կազմակերպությունը կարողացել է հայտնաբերել հեռախոսի մեջ փորձ կամ վարակում՝ պեգասուս վիրուսով, դա լրտեսական ծրագիր է, որը արտադրվում է իսրայելական Էնեսո գրուպ կազմակերպությունը, իրենք համագործակցում են պետությունների հետ և, ոնց որ, պատվերով վարակումներ են իրականացնում հեռախոսներին, վարակում են հա՛մ apple-ի հեռախոսները, հա՛մ android-ները:
«Պեգասուսի» միջոցով հաքերները կարողանում են ամբողջությամբ վերահսկել հեռախոսի պարունակությունը, օրինակ՝ իմանալ, թե տվյալ անձը որտեղ է գտնվում, միացնել տեսախցիկը, լսել խոսակցությունները, հավաքագրել տարբեր տեղեկություններ:
Սամվել Մարտիրոսյան - Իդեալական լրտեսական ծրագիր է, դրա վատը նաև այն է, որ մարդը չի էլ հասկանում՝ ոնց է վարակվել: Այսինքն՝ դա դրանով է վտանգավոր, որ վարակումը կատարվում է առանց մարդու կողմից գործողությունների:
Մեդիափորձագետն ասում է՝ վիրուսի զոհերի ցանկն ուսումնասիրելով՝ ենթադրվում է, որ հարձակումներն իրականացվում են ադրբեջանական հաքերների կողմից, քանի որ ապացուցված է, որ Ադրբեջանը Պեգասուսի ակտիվ կիրառող է։
Սամվել Մարտիրոսյան - Մեր իմացած վարակումներն սկսվում են 2020 թ. պատերազմի ժամանակից և գալիս, հասնում են մինչև անցյալ տարվա աշուն:
Այս վիրուսի դեմ լիարժեք պայքարել հնարավոր չէ: Մասնագտները խորհուրդ են տալիս իրականացնել հեռախոսին ծանուցում եկած անվտանգության բոլոր թարմացումները, այդ կերպ, թեկուզ որոշ չափով, կնվազեցվեն վարակվելու ռիսկերը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան