Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության՝ մարտի 9-ին հեռարձակած «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում ինչպես ֆրանսահայ, այնպես էլ ֆրանսիացի օգտատերերի շրջանում։
Հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։
Դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան՝ «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ` մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերությունը պատրաստել և հեռարձակել է հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժ:
Հեռուստաընկերությունը նաև հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը: