Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Ըստ փոխնախարարի՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ հրամայական է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով: Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից:
Նշվել է, որ ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային և տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով: Իսկ կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի: Փոխնախարարի հավաստմամբ՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ բարձրացնելով փրկարարական ծառայողների աշխատավարձերը:
«Համակարգում պետք է մնան այնպիսի մարդիկ, որոնք համապատասխանում են օրենսդրությանն ու Փրկարար ծառայության հիմնարար պահանջներին»,- ասել է Արփինե Սարգսյանը: Ըստ փոխնախարարի՝ ատեստացիան ֆիլտրող գործիք է:
Նա անդրադարձել է նաև հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների փաթեթին և նշել, որ դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, կարևորելով նախագծերի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հարցն առաջիկա հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: