ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում է նշված նախաձեռնությունը։ Հրամանով սահմանվել են քննիչների կողմից վարվելիք դասընթացի թեմատիկ շրջանակը, անցկացման կարգը, դասընթացավարներին ներկայացվող հիմնական պահանջները։
Ծրագիրն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրմանը։ Հիմնական խնդիրներից է դեռահասների և երիտասարդների ներգրավման կամ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների և կատարմանը նպաստող պայմանների պարզ և մատչելի իրազեկումը։
Մասնավորապես, դասընթացների հիմնական թեմաներն են լինելու հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը և դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը և դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան և դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը և դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը և այլն։
Քննիչները աշակերտներին կիրազեկեն ՀՀ-ում իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների, առանձնահատկությունների մասին։
Նախատեսվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում ուսումնական տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում՝ ուսհաստատությունների վարչակազմերի հետ նախապես համաձայնեցնելով ժամանակացույցը և առարկայական ծրագիրը։ Դասընթացներն ընդգրկելու են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատությունները։ Դրանցում ներգրավվելու է նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը։
Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է փորձառություն, գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող, լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ընդգծված հետևողականություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում։ «Դասընթացը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում հրամանով սահմանված պահանջների կատարումը հաշվի է առնվելու Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքների կատարողականի գնահատման հարցում։