Գործադիրն առաջարկում է փրկարար ծառայությունում ներդնել ատեստավորման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նշեց՝ նախագիծը ոստիկանության ծառայողների կամավոր ատեստավորման նոր համակարգի տրամաբանական շարունակությունն է:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Ատեստավորումը հիմնականում երկու նպատակ է հետապնդում՝ ստուգել տվյալ պաշտոնին անձի համապատասխանության հարցը և դրա արդյունքում հաշվարկել հավելավճար, որը կբարձրացնի մեր ծառայողների սոցիալական երաշխիքները, կընդլայնի դրանց շրջանակը և, ըստ այդմ, կնպաստի նաև փրկրարար ծառայությունում միայն որակյալ, բանիմաց և բարեվարք կադրեր թողնելու մեր քաղաքականության հստակ իրականացմանը:
Փրկարար ծառայության աշխատակիցները հնարավորություն ունեն 3 տարվա ընթացքում երեք անգամ անցնել ատեստավորումը: Այն փրկարարները, որոնք չեն կարողանա հաղթահարել շեմը, երրորդ տարվա ավարտին կազատվեն զբաղեցրած պաշտոնից, հավելեց Սարգսյանը: Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ատեստավորման հարցաշարի բովանդակությունից հետաքրքրվեց:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Որակյալ վարորդը, որն իր ծառայությունն է իրականացնում, պատասխանելու է հարցաշարի, որ ԱԺ պատգամավորների կեսին հարցնենք, այդ օրենսդրական կարգավորումները չեն կարող պատասխանել, բայց զինվորական որակյալ վարորդը դա ստիպված է սովորել կամ զուբրիտ անել: Ո՞րն է երաշխիքը, որ հարցաշարով պրոֆեսիոնալն օրենքի կետը չիմանալու համար դուրս չի մնա:
Նախարարությունում էլ այս մտահոգությունը կար, որ, օրինակ՝ լավ հրշեջը կարող է իրավական բավարար գիտելիքներ չունենալ, ասաց Սարգսյանն ու հավելեց, որ հարցին 2 լուծում են տվել:
Արփինե Սարգսյան - Հարցաշարերում շեշտը կդրվի պրակտիկ կտորի վրա, եթե կոմպետենտ փրկարար է, ապա կպատասխանի, բայց մենք չեն կարող խուսափել նաև իրավական որոշակի հարցադրումներից, որովհետև փրկարարի աշխատանքը ստանդատավորված է և մինիմալ իրավական բազան պետք է տիրապետի, այս դեպքում մեզ կգան օգնելու վերապատրաստումները:
«Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանն էլ առաջարկ ունի՝ փաստագրել ատեստավորվող աշխատակիցների տվյալները՝ կադրային ռեսուրսը հասկանալու համար:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե այսքանն անում ենք, մեջը դիֆերենցված մոտեցում ցուցաբերենք, այսինքն՝ նշենք, որ բավարարում է զբաղեցրած պաշտոնին, կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ, որ մեր կադրային ռեսուրսի մասին պատկերացում ունենանք, թե ինչքան կան, որ շատ լավն են, ինչքանն են, որ բավարարում են:
Նախագիծը ստացավ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ԱԺ լիագումար նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023-ի մայիսից:
Հեղինակ՝ Անի Օհանյան