Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում Մարտիրոս Սարյանի թոռնուհին է, ձեռքին՝ մեծ վարպետի կտավներից մեկը:
Սոֆյա Սարյան (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ) - Սա Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող Վասիլի Կոժևնիկովի դիմանկարն է: Նա եղել է պատերազմական լրագրող, և այս դեպքում շատ կարևոր է, որ պահպանվել են Սարյանի հուշերը, թե ինչպես է պատկերել Կոժևնիկովին, այս պահին փորձել է համադրել բնանկարը, որը արել է դրսում, և դիմանկարը, որն արդեն արել է ներսում:
Կտավի հետնամասում պատկերված համարը համապատասխանում է Սարյանի ցուցակում նշված թվին: Այս փաստը Սոֆյա Սարյանի համար այն հիմքերից է, որ կասկած չլինի՝ դիմանկարը Սարյանի ձեռագիրն է: Անզեն աչքով տեսած-իմացածը սակայն ուզում է նաև վերջին սերնդի սարքերով ստուգել:
Սոֆյա Սարյան - Նման գործողություններ մենք առաջին անգամ ենք անում, և հեղինակն է հայտնի, կտավը թանկարժեք, և փորձաքննությունն ենք առաջին անգամ անում:
«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ բացառիկ փորձաքննություն է իրականացվում, սա թույլ կտա պարզել մշակութային արժեքների բնօրինակ կամ կեղծ լինելը:
Արուսյակ Ստեփանյան (կերպարվեստի փորձագետ) - Նույն սարքը հնարավորություն է տալիս նաև ուլտրաֆիոլետով նայելու, եթե փոփոխություններ եղած լինեին, մենք կարող էինք տեսնել, իսկ դրանց բնույթից ելնելով՝ մենք հետազոտության մյուս փուլերին կանցնենք:
Մյուս փուլն արդեն մանրադիտակի տակ է:
Արուսյակ Ստեփանյան - Օպտիկական միկրոսկոպով հետազոտությունը թույլ է տալիս պարզել՝ կտավը քանի շերտով է նկարված, ինչ ներկեր են օգտագործվել և ինչ վնասվածքներ ունեն: Այս վնասվածքից երևում է, որ մեկ շերտով է նկարված, ստորին հատվածում արված է գրունտ:
Փորձաքննության առաջին փորձը հաջողված է, վստահեցնում են մասնագետները: Թեև կասկած չունեն, որ գործը մեծ վարպետինն է, բայց միանգամից ու միանշանակ կարծիք հայտնել, ասում են, ամեն դեպքում չի կարելի: Կարելի է նաև ներկանյութերի ստուգում, քսվածքների հերթականություն ուսումնասիրել: Այստեղ է, որ անհրաժեշտ է լինում արվեստաբանական ու տեխնիկատեխնոլոգիական ուսումնասիրությունների համադրումը:
Սոֆյա Սարյան - Սա առաջին փորձն էր, բայց որոշակի նկարներ պետք է արվեն այս տարեթվի, պետք է բազա ստեղծվի, երբ որ լինի բնօրինակի տվյալը, և երբ գա մի նկար, որը կասկածում ենք, դա արդեն ցույց կտա, օրինակ՝ այս տարի Սարյանը այս նյութերով է աշխատել, չի համապատասխանում նոր ստեղծվածին:
Հայտնի անուններից բացի, կեղծարարները նաև անհայտ հեղինակների են կրկնօրինակում, հատկապես վերջին տարիներին: Կեղծը բնօրինակից տարբերելու համար կառավարության միջոցներով վերազինված փորձագիտական կենտրոնում վստահեցնում են՝ նոր ձեռք բերված այս սարքավորումներով կշարունակեն ընդլայնել փորձաքննությունների տեսակները. առջևում գորգերի, երաժշտական գործիքների, հնագիտական առարկաների փորձաքննություններ նաև կլինեն: