Ֆրանսիայի նախագահն ապրիլի 5-7-ը պետական այցով գտնվում է Պեկինում։ Ապրիլի 6-ին կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Էմանուել Մակրոնի բանակցությունների պաշտոնական մասը, որի ընթացքում քննարկվել են Պեկինի և Փարիզի երկկողմ համագործակցությունը, Չինաստանի և ԵՄ-ի հարաբերությունները, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամը։
Չինաստանը և Ֆրանսիան աջակցում են Ուկրաինայում խաղաղության վերականգնման բոլոր ջանքերին՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա, ասվում է Չինաստանի և Ֆրանսիայի միջև համատեղ հայտարարության տեքստում։
Նշված է նաև, որ երկու պետությունները վերահաստատել են իրենց աջակցությունը միջուկային պատերազմի և սպառազինությունների մրցավազքի կանխման գաղափարներին:
Չինաստանը և Ֆրանսիան անհրաժեշտ են համարում ուկրաինական հակամարտության համատեքստում բացառել զինված հարձակումները քաղաքացիական միջուկային օբյեկտների վրա և աջակցել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ջանքերին՝ ապահովելու դրանց անվտանգությունը։
Պեկինն ու Փարիզը հավատարիմ են նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը, և «վերահաստատում են իրենց հանձնառությունը միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմի պահպանմանը», ասված է հայտարարության մեջ:
Ամփոփելով Մակրոնի հետ հանդիպումը՝ Սի Ծինփինն ասել էր, որ Պեկինը և Փարիզը փոխադարձաբար կաջակցեն միմյանց և միասին կօպտիմալացնեն գլոբալ կառավարումը։ Չինական պետության ղեկավարն նշել է, որ բարեկամական ու հանգամանալից զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։