44-օրյա պատերազմից հետո 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո փրկված տղաներից երկուսը մարտադաշտը ինքնակամ լքելու համար մեղադրվող մայոր Իշխան Վահանյանի գործով դատարանում էին: Տուժող, պատերազմի ժամանակ նորակոչիկ Արման Արմաղանյանը, որը ստանձնել էր շրջափակման մեջ հայտնված խմբի ղեկավարումը, դատարանում ցուցմունք տվեց նստած, այդ օրերին ցրտահարված ոտքի մատները հեռացվել են։ Արմաղանյանը պատմեց՝ մինչև Խուռհատ սար բարձրանալը մի քանի օր մնացել են Հադրութի դպրոցում: Հենց այդտեղ է լսել, որ Վահանյանն ասում է, թե վիրավոր է, բայց կմնա զորքի հետ:
Ըստ ցուցմունքների՝ Վահանյանը վիրավորվել է ոչ թե Խուռհատ սարի վրա՝ հոկտեմբերի 10-ին, այլ սեպտեմբերի 29-ին: Իսկ ըստ պաշտպանական կողմի` Վահանյանը 2 անգամ է վիրավորվել:
Անդրադառնալով սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին` Արմաղանյանն ասաց՝ դիրքավորվելուց հետո հարձակման են ենթարկվել, իրենց կցված զենք չեն ունեցել, կրակել չեն իմացել, հրամանները փոխանցվել են գոռալով:
Արման Արմաղանյան - Այդ ժամանակ մենք հետ ենք իջնում ներքև երևի մի 20-30 մետր, քանի որ վերևը ռացիաներ չկային, ու խոսակցությունները, հրամանները փոխանցվում էին «էս գոռացեք», «էն գոռացեք», տարբեր «աֆիցերներ» տարբեր բաներ էին գոռում` «մերոնք են, մի կրակեք», մյուսն ասում էր` «մերոնք չեն, կրակեք», մեկը գոռում է «շրջանաձև պաշտպանություն», որ մենք այդ ժամանակ ընդհանրապես չգիտեինք, թե դա ինչ է, ես սովորոական զինվոր էի, ես չէի հասկանում` ինչ պետք է արվեր, մեկը գոռում էր` նահանջեք, մյուսը ասում է` «շրջանաձև պաշտպանություն», մեկն ասում է էս, մեկն ասում է էն, ու դրա պատճառով ես չգիտեմ` ինչ պետք է աներ սովորական զինվորը էնտեղ:
Ըստ տուժողի՝ նահանջելիս Կամազ են տեսել, Վահանյանը հրամայել է կանգնեցնել այն, հետո լսել է, որ Վահանյանը նստել է այդ մեքենան ու գնացել:
Սարից նահանջելիս կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել են մնացած անձնակազմից, կրկին հարձակման ենթարկվել, ինչի հետևանքով շատ զոհեր ու վիրավորներ են եղել, զոհվել է նաև իրենց հետ մնացած միակ սպան:
Արման Արմաղանյան - Զանգել եմ Վահանյանին, ասում եմ, որ մենք սենց իրավիճակում ենք՝ մեզ վրա հիմա կրակում են, ունենք շատ զոհեր, շատ վիրավորներ, մի բան պետք է անենք, Վահանյանն ասում է՝ ես հիմա հիվանդանոցում եմ, ոչինչ էլ չեմ կարող անել, դուք կարող եք ճանապարհը շարունակեք, ներքև եկեղեցի կա, եկեղեցին անցնեք, դրանից հետո տեղ կա, որ դուք կարող եք դուրս գալ, բայց մենք ունեինք վիրավորներ, ովքեր նույնիսկ չէին կարողանում շարժվել, որոնց օգնում էինք մի փոքր տեղաշարժվել, ինքը ցավից այնքան էր գոռում, որ հնարավոր չէր:
Արմաղանյանն ասաց՝ որոշել են այն վիրավորներին, որոնք հնարավորություն են ունեցել տեղաշարժվելու ուղարկել ներքև:
Արման Արմաղանյան - Մնում ենք երևի 25-30 հոգով, որից 10-ը վիրավոր էր, երեք գիշեր այդտեղ ենք մնում, երեք գիշերվա ընթացքում վիրավորներից մնացել են ընդամենը երեք հոգի։ Հասկացանք, որ առանց սնունդ, առանց ջուր չենք կարող երկար մնալ այդտեղ ու պետք է ինչ-որ բան անենք:
Պատմեց, որ տղաներից մեկի հետ իջել են ներքև, գյուղից կոմպոտ և սնունդ են վերցրել, բարձրացրել տղաներին, երբ ուժ են հավաքել, վիրավորների հետ իջել են ներքև։ Հետո արդեն հայտնվել են շրջափակման մեջ, կապ են հաստատել սպաներից Գարիկ Վարդերեսյանի հետ, որն ասել է, թե վերևից ջախջախելով գալիս են, շուտով կհասնեն իրենց: Տուժողը նշեց, որ որոշ ժամանակ անց իրենց տեղը պարզել են:
Արման Արմաղանյան - Շարժվում ենք դեպի անտառ, որտեղ մնալուց հետո շրջափակման մեջ հայտնված մյուս տղաները խմբերի են բաժանվում, քանի որ յուրաքանչյուրն իր պատկերացումն է ունենում, թե ինչպես կարող են դուրս գալ:
Դեկտեմբերի 20-ին խաղաղապահների, Կարմիր խաչի օգնությամբ իրեն և 5 նորակոչիկների հանել են շրջափակումից: Դատարանում ցուցմունք տվեց նաև փրկված մյուս տուժողը՝ Դավիթ Սահակյանը: Նա նույնպես ցրտահարվել էր և ցուցմունք տվեց նստած: Այս տուժողը եւս նշեց, որ նորակիչ են եղել և շփոթվել են իրարամերժ հրամաններից: Նորակոչիկների զոհվելու, անհետ կորելու և գերեվարվելու գործով Իշխան Վահանյանը մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանատարության հետ կապի միակ միջոցը տանելու համար:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան