Իսրայելի տարածքը ապրիլի 6-ի կեսօրից զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել Լիբանանի և Գազայի տարածքից։ Իսրայելական բանակը պատասխան հարվածներ է հասցրել: Հրթիռակոծությունը և օդային հարվածները շարունակվել են ողջ գիշեր:
Տարածաշրջանում լարվածությունը վերջին օրերին սրվեց այն բանից հետո, երբ Իսրայելի իրավապահները երկու անգամ ներխուժեցին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթ, որը մուսուլմանների գլխավոր սրբավայրերից է: Ուժայինները տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս են հանել մզկիթից, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ կիրառել։ Կան ձերբակալվածներ և վիրավորներ: Իսրայելական կողմի պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ ոստիկանները ցանկացել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված երիտասարդներից, որոնք փորձել են թաքնվել մզկիթում:
Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Թուրքիան դատապարտել են իսրայելցի իրավապահների գործողությունները: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Ալ Աքսա մզկիթի վրա կարմիր գիծ է Թուրքիայի համար: «Անկարան չի լռի: Մեր պաղեստինցի եղբայրները միայնակ չեն»,- ասել է նա:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտպանական կառույցներին հանձնարարել է պատրաստվել իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի, վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմաքաղաքական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Նա զգուշացրել է՝ Իսրայելը պատրաստ է պատասխան հարված հասցնելու ցանկացած թշնամու:
Բենիամին Նեթանյահու (Իսրայելի վարչապետ) - Ներքին անհանգստությունները մեզ չեն խանգարի անհրաժեշտության դեպքում համախմբվել և աջակցել մեր բանակին: Իսրայելը մտադիր չէ փոխել Տաճարի լեռան վրա ստատուս քվոն: Մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը և կոշտ գործողություններ կձեռնարկենք բռնություն կիրառող ծայրահեղականների դեմ: Մեր թշնամիները կհատուցեն այս ագրեսիայի համար:
Ըստ իսրայելական կողմի՝ հարձակման հետևում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունն է, և բանակը պատասխան հարվածներով թիրախավորում է այդ կառույցի ռազմական օբյեկտները: Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանաու է նաև Լիբանանը, քանի որ թույլ է տվել իր տարածքում նման զարգացումներ տեղի ունենան: Դանիել Հագարին զգուշացրել է՝ իսրայելական կողմը թույլ չի տա ՀԱՄԱՍ շարժման արմատականներին թշնամական գործողություններ իրականացնել հարևան պետությունների տարածքից։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին, իր հերթին, դատապարտել է երկրի հարավային տարածքներից Իսրայելին հարվածներ հասցնելը։
Նաջիբ Միքաթի (Լիբանանի վարչապետի պաշտոնակատար) - Լիբանանի բանակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հետաքննություն են անցկացնում՝ պարզելու միջադեպի հանգամանքները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին: Ցանկացած ռազմական էսկալացիա անընդունելի է: Անընդունելի է նաև այն, որ Լիբանանի տարածքում իրականացվում են գործողություններ, որոնք սրում են լարվածությունը։
Միջազգային հանրությունը նույնպես արձագանքել է՝ դատապարտելով էսկալացիայի տանող ցանկացած քայլ:
Ստեֆան Դյուժարիկ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ) - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելի և Լիբանանի իշխանություններին հորդորում է զսպվածություն դրսևորել և խուսափել միակողմանի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի։ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կապի մեջ են կողմերի հետ:
ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես դատապարտել է Գազայի հատվածից և Լիբանանի տարածքից Իսրայելի հրթիռակոծությունը:
Վեդանտ Պատել (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ) - Դատապարտում ենք, Իսրայելի անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունն անսասան է: Մենք ճանաչում ենք Իսրայելի օրինական իրավունքը՝ պաշտպանվելու ագրեսիայի ցանկացած դրսևորումից: Միևնույն ժամանակ ընդգծում ենք Երուսաղեմի սրբավայրերում պատմական ստատուս քվոյի պահպանման կարևորությունը:
Պատելը հավելել է, որ ամերիկյան կողմը կանոնավոր կապի մեջ է իսրայելցի գործընկերների, ինչպես նաև Պաղեստինի իշխանությունների հետ՝ կանխելու հետագա էսկալացիան: Նա հորդորել է հանգստություն պահպանել գոնե Ռամադան ամսվա ընթացքում: