ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր երկրների միջև գործակցության խորացման օգտին՝ Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը մեկնարկել է, այդ թվում՝ մեր աջակցությամբ։ Ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը և հետկոնֆլիկտային վերականգնմանն ուղղված ջանքերը: Այս բոլոր հարցերի շուրջ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դրանց հիման վրա շարունակվում են աշխատանքները: Հուսով ենք՝ արտատարածաշրջանային գործընկերները չեն խանգարի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին՝ խստորեն իրականացնելու եռակողմ պայմանավորվածությունները:
Մևլութ Չավուշօղլուն նույնպես անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին:
Մևլութ Չավուշօղլու (Թուրքիայի ԱԳ նախարար) - Ռուսաստանը մեծ ներդրում ունի այս գործընթացներում: Մոսկվայի հետ մշտական երկխոսության մեջ ենք։ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը և Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքեն, ինչը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը: Մենք կշարունակենք խորհրդակցությունները այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում բանակցություններից, սակայն դրանք հնարավոր են, միայն եթե հաշվի առնվեն ռուսական կողմի շահերը:
Սերգեյ Լավրով - Մեր մտահոգությունների մասին երկար տարիներ ասել ենք արևմտյան գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության ընթացքում: Հարկավոր է խոսել այն սկզբունքների մասին, որոնց վրա հիմնվելու է նոր, ոչ միակողմանի աշխարհակարգը: Կիևից, Վաշինգտոնից, Բրյուսելից հայտարարություններ են հնչում, որ ռազմական գործողությունները չպետք է դադարեցվեն: Միևնույն ժամանակ մեզնից պահանջում են դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա ոչ բարեխիղճ խաղ է։
Լավրովը նաև մտահոգություն է հայտնել, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ձեռք բերած պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի չեն կոչվել: «Հացահատիկի գործարքի ուկրաինական հատվածն իրականացվում է: Փաստացի, գործ ունենք ուկրաինական հացահատիկի կոմերցիոն արտահանման հետ: Ընդ որում՝ ամենաաղքատ երկրները ստանում են 3 տոկոսից էլ քիչ ուկրաինական հացահատիկ: Գործարքի ռուսական հատվածն ընդհանրապես չի կատարվում», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը, հավելել՝ Մոսկվան հացահատիկի գործարքի շրջանակներից դուրս կգործի, եթե Արևմուտքը կառուցողական մոտեցում չցուցաբերի: «Թուրքիան և Կատարը պատրաստ են օգնելու»,- շեշտել է Լավրովը։
Չավուշօղլուն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ հացահատիկի գործարքը հարկավոր է շարունակել, իսկ ռուսական պարենամթերքի արտահանմանը խանգարող սահմանափակումները պետք է վերացվեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս խաղաղ բանակցությունների միջոցով ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու օգտին:
Մևլութ Չավուշօղլու (Թուրքիայի ԱԳ նախարար) - Անկարան պատրաստ է աջակցել այդ հարցում: Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ նրանց միջև երկխոսությունն առաջ մղելու նպատակով։ Մի քանի օր առաջ էլ բանակցություններ եմ վարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ և հրավիրել եմ նրան Թուրքիա։
ՌԴ-Ն ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԼԱՎՐՈՎ
Թուրք դիվանագետն անդրադարձել է նաև սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, մասնավորապես՝ այդ հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը։ Չավուշօղլուն հստակ ժամկետներ չի հայտնել, սակայն նշել է, որ նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումներ տարվում են:
Խոսելով Ռուսաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններից՝ Լավրովը համոզմունք է հայտնել, որ անկայուն աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Մոսկվան և Անկարան պետք է խորացնեն երկկողմ գործակցությունը, ինչպես նաև շարունակեն աշխատել գազային հանգույցի ձևավորման ուղղությամբ: Ասուլիսի ավարտին ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ կլինի Ռուսաստանում ընդունել թուրք պաշտոնակցին: