Իսրայելը հայտարարել է, որ իր բնակավայրերը ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման զինյալների թիրախ են դարձել ինչպես Գազայի հատվածից, այնպես էլ Լիբանանի տարածքից:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանի տարածքից Իսրայելի դեմ առնվազն 34 հրթիռ է արձակվել, որոնցից 25-ը հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ Լիբանանից ականանետային կրակոցների են ենթարկվել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ծայրամասերը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը հրթիռակոծել է Լիբանանի հարավային շրջանները, իսկ հարձակումների համար պատասխանատու է համարել լիբանանյան կողմին, հայտնում է Al Mayadeen-ը։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին դատապարտել է հինգշաբթի Լիբանանի տարածքից Իսրայելին հասցված հարվածները։
Ըստ իսրայելական Kan ռադիոյի՝ հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում հարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք օբյեկտի և Գազայի հատվածում այդ արմատական կազմակերպության 10-ից ավելի ռազմական թիրախների վրա։