Էջմիածնի հիվանդանոցի վերակառուցումը մեկնարկել է անցած տարվա աշնանը: Բայց մասնակի քանդման ընթացքում պարզվել է, որ մոտ 70 տարեկան շենքը կառուցվել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով: Ծածկի պանելները պատերի վրա թեթևակի են նստած եղել, ամրանները չեն խարսխել երկաթբետոնի մեջ, իսկ շաղախն այնքան թույլ է եղել, որ երբ փորձել են պատերի մեջ ցանցեր անցկացնել, քարերը պոկվել են:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մասնագետները գտել են, որ այդ վիճակով արդյունավետ չէ շարունակել աշխատանքները, պետք է քանդվի, սեյսմակայունության խնդիր կա, այնպիսի խնդիրներ էին, որ տեսանելի չէին մինչև աշխատանքները սկսելը:
Աշխատանքները դադարեցրել են քանդման փուլում, շենքի ամրացումը գոյություն ունեցող նախագծով անհնար են համարել: Մասնագետները հասկացել են՝ նոր շենք է պետք կառուցել, իսկ նորի համար նոր նախագիծ է անհրաժեշտ:
Պատվիրատուն՝ Քաղաքաշինության կոմիտեն, թույլտվության համար դիմել է Առողջապահության նախարարությանն ու Արմավիրի մարզպետարանին: Առարկություն չի եղել: Ե՛վ նախարարությունից, և՛ մարզպետարանից համաձայնել են նոր շինարարության առաջարկին:
Աշոտ Գրիգորյան (Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական) - Առաջարկել ենք, որ նախագծողը նոր ուսումնասիրություն անի և տա եզրակացություն, որի հիման վրա առաջարկվել է շենքը ոչ թե վերակառուցել, այլ քանդել և, ելնելով ժամանակի պահանջներից, ունենալ նաև ապաստարան:
Նոր ու ժամանակակից բուժհաստատութուն ունենալու համար պետությունը 1 մլրդ 400 մլն դրամ է հատկացրել: Նոր շենք նախագծելու դեպքում, Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ ֆինանսական հավելյալ ներդրում կլինի: Իսկ հիվանդանոցի վարչակազմի համար նախատեսված հարակից մասնաշենքը, որի շինարարությունը սկսել են զրոյից, ընթացքի մեջ է, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Փոքր-ինչ անհարմարություններ են ստեղծվել բուժվողների և բուժանձնակազմի համար, որոնք մի կերպ տեղավորվել են մեկ մասնաշենքում:
Գոռ Ասատրյան («Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրեն) - Թերապևտիկ և վիրաբուժական մասնաշենքերի աշխատակիցները տեղափոխվել են վիրաբուժական մասնաշենք: Թերապևտիկից տեղափոխվել է սրտաբանական, մանկական, նյարդաբանական բաժանմունքները, նաև ընդունարան, որտեղ կա դիագնոստիկ բաժանմունք:
Տնօրենի խոսքով՝ հիվանդասենյակներն այնպես են տեղակայել, որ հարմարավետ լինի, դժգոհություններ չառաջանան: Իսկ ստեղծված անհարմարություններից, ասում է՝ սպասարկման որակը չի տուժում: