Առանց նախագծման, փոձաքննության ու նեղ մասնագիտական ուսումնասիրության մայրաքաղաքում ճանապարհներ չեն նորոգվելու, չեն կառուցվելու, ամիսներ առաջ խոստացավ քաղաքային իշխանությունը, և այսօր արդեն նոր մշակված քաղաքականությամբ գործի է անցել: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը նշում է, որ ճանապարհաշինարարության նոր մոտեցումը խնայում է ռեսուրս, ժամանակ, գումար ու, որ ամենակարևորն է, այն որակապես բավարարելու է քաղաքացիների պահանջները:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Այս պահին փոսալցման աշխատանքներ սկսել են Կենտրոնում, Արաբկիրում, Աջափնյակում ու այդպես պարբերաբար գնալու են:
Օրեր առաջ մեկնարկած փոսալցման աշխատանքներում ժամային փոոփոխություններ արվեցին՝ խցանումներ չառաջացնելու, վարորդների դժգոհությունից խուսափելու համար, ասում է Շինբարեկարգման վարչության պետը:
Փոսալցման աշխատանքները իրականացվում են գիշերը ժամը 23-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Որոշ քաղաքացիներ դժգոհում են, որ ոչ բոլոր փողոցներում է փոսալցում իրականացվում, հիմնական շեշտը դրվում է կենտրոնական փողոցների վրա: Գրիգորյանը պարզաբանում է՝ բաշխումը համաչափ է արվում, պարզապես կան հատվածներ, որտեղ միջին նորոգման կամ վերակառուցման անհրաժեշտություն կա. այդ փողոցներում փոսալցում չի արվում՝ կրկնակի ծախսից խուսափելու նպատակով:
Խորեն Գրիգորյան - Այն հատվածներում, որտեղ կան մեծ ճաքեր, կամ ճանապարհը այլևս պիտանի չէ շահագործման, այդ տարածքներում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվելու:
Մայրաքաղաքում մոտ 50 կիլոմետր ճանապարհ ենթակա է միջին նորոգման: Խորեն Գրիգորյանի խոսքով՝ նման ծավալի աշխատանքներ վերջին անգամ արվել են 2012 թվականին:
Խորեն Գրիգորյան - Խնդրում եմ քաղաքացիների ներողամտությունը, նպատակ ունենք մինչև մայիսի կեսեր ավարտել փոսալցման աշխատանքները:
Քաղաքացիներին ամենից շատ հուզող հարցը՝ արդյոք ասֆալտապատումից ամիսներ անց նոր շերտը չի քայքայվի և հատկապես վարորդների համար նույն խնդիրները չի առաջացնի: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ նախկինում չուսումնասիրված աշխատանքի հետևանքով էր, որ ասֆալտապատումներից հետո շատ արագ իջվածքներ էին առաջանում, փոսեր գոյանում:
Խորեն Գրիգորյան - Միջին նորոգման աշխատանքները արվում են նախագծով ու լաբորատոր փորձաքաննության են ենթարկվելու, դրանից հետո որակական խնդիրների պայմաններում նորից պետք է ասֆալտապատվեն:
Ուշագրավ մեկ փաստ ևս. այս տարի ճանապարհաշինական մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների շուրջ 90 տոկոսը նոր մասնակիցներ են: