ԵՄԵՆՈՒՄ ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ՁԳՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵԼ
Սաուդյան Արաբիայի և Օմանի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Եմենի մայրաքաղաք Սանա՝ հութի ապստամբների և կառավարության միջև վերջնական զինադադարի շուրջ բանակցելու համար: Հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Համաձայնության դեպքում Եմենում պատերազը կարող է ավարտվել մինչև Ռամադան ամսվա վերջ:
Հատկանշական է, որ շուրջ 10 տարի շարունակվող Եմենի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները ծավալվում են Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին:
Եմենն այսօր փաստացի բաժանված է երեք մասի. հյուսիսում իշխում են հութի ապստամբները, որոնց աջակցում է Իրանը, հարավը վերահսկվում է տարբեր զինյալ խմբավորումների կողմից, իսկ երկրի մնացած հատվածը գտնվում է միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության ներքո, որին աջակցում են ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Բաքուն Վրաստանի ոչ միայն բարեկամն է, այլև կարևոր ռազմավարական գործընկերը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ երկու երկրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանումն է։ Ղարիբաշվիլին հավելել է, որ Բաքուն ու Թբիլիսին զբաղվում են «Միջին միջանցք» նախագծով։
«Վրաստանն այժմ աշխատում է նոր ծովային նավահանգստի՝ Անակլիայի կառուցման ուղղությամբ։ Կընդլայնվի նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը», - նշել է Վրաստանի վարչապետը:
Իլհամ Ալիևն էլ ընդգծել է, որ Ադրբեջան Վրաստանի վարչապետի այցը կնպաստի երկկողմ գործակցությանը և ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: Նա հավելել է, որ Բաքուն և Թբիլիսին կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԻՐ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ այդպիսով արձագանքելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին Իրանի խորհրդարանի հայտարարությանը: Իրանցի պատգամավորները Թել Ավիվում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության բացումն անվանել էին «իսլամական աշխարհի շահերին հակասող» քայլ:
Բաքուն իրանական կողմի հայտարարությունը որակել է «միջամտություն իր ներքին գործերին»։
«Այդ փաստաթուղթը Իրանի հերթական քաղաքական սադրանքն է Ադրբեջանի դեմ, բացահայտ անհարգալից վերաբերմունքը Բաքվի նկատմամբ»,- ասված է Միլլի մեջլիսի հայտարարությունում:
Ադրբեջանի խորհրդարանը նաև մեղադրել է Թեհրանին Հայաստանին աջակցելու համար և կոչ արել զերծ մնալ Բաքվի դեմ կողմնակալ գործողություններից։
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԿԽՈՐԱՑՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ավարտվել է Ֆրանսիայի նախագահի աշխատանքային այցը Չինաստան: Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը բանակցությունների արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փարիզը և Պեկինը աջակցություն են հայտնել Ուկրաինայում միջազգային իրավունքի հիման վրա խաղաղություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև հակամարտող կողմերին կոչ արել հարգել հումանիտար իրավունքը։ Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրները հորդորում են աջակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերին՝ կանխելու քաղաքացիական միջուկային օբյեկտների վրա հարձակումները:
Չինաստանն ու Ֆրանսիան նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը և ընդգծել են միջուկային զենքի չտարածման կարևորությունը։
Երկու երկրները պայմանավորվել են խորացնել շփումները զինված ուժերի միջև, ինչպես նաև պարտավորվում են խուսափել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման անհիմն սահմանափակումներից:
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլն ուշադիր հետևել է Պեկինում Սի Ծինփինի և Էմանուել Մակրոնի բանակցությունների մասին հաղորդումներին: Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Մակրոնը կարող էր ազդել ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Պեկինի դիրքորոշման վրա, Դմիտրի Պեսկովը նշել է.
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները շատ խորն արմատներ ունեն: Չինաստանը շատ լուրջ տերություն է՝ իր ինքնիշխան դիրքորոշմամբ: Դա այն երկիրը չէ, որն արտաքին ազդեցության տակ կարող է արագ փոխել դիրքերը»: