Բուլղարացի հացահատիկագործները վերսկսում են բողոքի ցույցերն ուկրաինական էժան հացահատիկի պատճառով, որը երկիր է ներմուծվում առանց մաքսատուրքերի, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն։
Նախկին բողոքի ցույցերը տեղի էին ունեցել մարտի վերջին։ Ծանր գյուղտեխնիկայի օգնությամբ սահմանային անցակետերի շրջափակումն այս անգամ համաժամանակեցվելու է ռումինական հացահատիկ արտադրողների հետ։
Բուլղարիայի հացահատիկ արտադրողների ասոցիացիայի ղեկավար Իլյա Պրոդանովի խոսքով՝ ներկայումս պահեստներում կան 3,5 մլն տոննա ցորեն և 1 մլն տոննա արևածաղիկ։ Բուլղարիայի հյուսիսում արտադրողները բողոքում են, որ ուկրաինական հացահատիկի բեռնատարներն էլ ավելի ինտենսիվ են դարձել անցյալ շաբաթվա բողոքի ցույցերից հետո:
«Եթե այսօրվա բողոքը Բրյուսելում չլսվի, մենք կմտածենք ավելի լայնածավալ ակցիաների մասին՝ նույն կարծիքին աջակցող այլ երկրների մասնակցությամբ»,- հավելել է Պրոդանովը։
Մարտի վերջին ԵՄ մի շարք երկրների վարչապետներ դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ուկրաինայից հացահատիկի ներհոսքի հետևանքով առաջացած ճգնաժամին միջամտելու խնդրանքով։ Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Սլովակիայի վարչապետների նամակում նշվում է, որ «խնդիրները կապված են ԵՄ անդամ երկրների շուկաներ ուկրաինական արտադրանքի մատակարարման զգալի աճի հետ, հատկապես՝ Ուկրաինային սահմանակից կամ դրա կողքին գտնվող շուկաներում»։