Գնահատման և թեստավորման կենտրոնի դիտարկումները ցույց են տալիս՝ միասնական քննությունների ժամանակ ավագ դպրոցների շրջանավարտները ավելի բարձր միավորներ են ստանում, քան միջնակարգ դպրոցներ ավարտածները:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն) - Այն կարծիքը, որ նստած է մեր մեջ, որ ավագ դպրոցները, այնուամենայնիվ, չարդարացրին այն ամենը, ինչ մենք սպասում էինք, ինչ-որ տեղ սա փարատեց, ինչ-որ տեղ դեմ դուրս եկավ:
ԳԹԿ տնօրենի տեղակալը համեմատություն է անում վերջին՝ հունվարին անցկացված քննությունների օրինակով: Ավագ դպրոցների շրջանավարտների միջին գնահատականները բարձր են բոլոր առարկաներից.
«Օրինակ, անգլերենից ավագ դպրոցների և վարժարանների շրջանավարտների միջին միավորը 13.2 է, միջնակարգ դպրոցների և կրթահամալիրների շրջանավարտներինը՝ 12: Մաթեմատիկայից՝ համապատասխանաբար՝ 10.9 և 9.6 միավոր»:
Ավելի մոտ են հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միջին միավորները: Ավագ դպրոցների ու վարժարանների դեպքում՝ 10.9, միջնակարգ դպրոցներում՝ 10.8:
Կրթության փորձագետ, ուսուցիչ, դասախոս Արա Աթայանը միասնական քննությունների այս պատկերը ոգևորող չի համարում: Ավելին, կարծում է՝ դա մանկավարժության փոխարեն աշակերտներին վարժեցնելու հետևանք է: Ապագա դիմորդները ամբողջ ուժերը կենտրոնացնում են լավ թվանշան ստանալու վրա, իսկ քննությունից հետո մոռանում սովորածը:
Արա Աթայան (կրթության փորձագետ) - Իրենք դա հանձնում են, որից հետո ընդունվում են բուհ, և շատ դեպքերում բուհում դու ունես էլի ուսանողներ, որոնք բացարձակ անգրագետ են` նաև հենց այն առարկաներից, որոնցից ստացել են շատ բարձր թվանշաններ: Սա պատրանք է, ու ինչքան մենք խաղանք այդ խաղի կանոններով, այնքան վատ մեզ համար: Մենք պիտի հասկանանք, որ մարդու հասունությունը բուհ ընդունվելու համար, ընդհանրապես կյանք մտնելու համար, քննությունով չես կարող պարզել: Մարդու գիտելիքներն էլ չես կարող պարզել: Դու պետք է նախագծային աշխատանքներ ունենաս, պետք է դպրոցի ընթացքը լինի լրիվ այլ:
Ամեն դեպքում, որքան էլ ավագ դպրոցների շրջանավարտների գնահատականները համեմատաբար բարձր են, ընդհանուր առմամբ, քննությունների արդյունքները ոլորտի պատասխանատուները հաճախ են համարում մտահոգիչ: ԳԹԿ փոխտնօրենը, նաև հաշվի առնելով ավագ դպրոցների տնօրեններից ստացված ազդակները, կարծում է, որ առավել լավ արդյունքի համար պետք է ավագ դպրոցներն ու վարժարանները երեխաների հետ աշխատելու հնարավորություն ունենան ավելի ցածր դասարաններից: Անհրաժեշտ որակ չապահովելու դեպքում էլ հիմնական դպրոցներին մեղադրելու հնարավորություն քիչ կունենան:
Կարո Նասիբյան - Հանդիպումների ժամանակ ավագ դպրոցների տնօրենները դժգոհում են, որ, այսպես ասենք, 10-րդ դասարանում մինչև գալիս են, հարմարվում են, մինչև այդ մթնոլորտին ծանոթանում են, 10-րդ դասարանն անցնում է: Ըստ էության` սովորում են մեկ 11-րդ դասարան: 12-րդ դասարանը մինչև հունվար, այնուհետև քննություն, կրկնություններ և այլն, այսինքն՝ իրենց հիմնականը այդ երեք տարվա փոխարեն լավագույն դեպքում լինում է տարիուկես, որ իրենք սովորում են:
Արա Աթայան - Գիտեք, եթե մեր տնօրեններին հարցնեք, ըստ երևույթին, ոնց որ ես հասկանում եմ, նաև ԳԹԿ-ին, երևի արդեն պետք է մսուրում սկսել քննություններին պատրաստվել: Դա այդ նույն պատրանքի շարունակությունն է: Չի կարելի այդպիսի բան անել: Հարցրեք ավելի լավ է հոգեբաններին, ոչ թե դպրոցի տնօրեններին, և ցանկացած հոգեբան ձեզ կբացատրի՝ ինչքան վնաս է դա երեխաների համար և ինչքան կեղծ պատկեր եք դուք դրանով ստանում: Ուրախանում եք, որ այդ պատկերը ստացել եք, ինչ-որ թվեր եք տպում, ասում ենք՝ երևի մեկ տարի շուտ սկսենք, ավելի լավ կստանանք: Չի լինի այդպիսի բան: Ինչքան շուտ սկսեք, այնքան հիվանդ մարդիկ դուրս կգան դպրոցներից` հոգեբանորեն հիվանդ, ցանկացած սովորելու գործընթացից զզված:
Աթայանն ընդգծում է՝ կրթության արդյունքը թվերը չեն, այլ մարդու առողջ զարգացումը, ներաշխարհը, ստեղծագործական ներուժն ու ներդաշնակությունը կյանքում:
Հեղինակ` Աննա Զախարյան