Այս տարվա հունվար մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն մարտին՝ մարտի համեմատ 5.4: Վերջին անգամ գնաճը 8 տոկոսից ցածր մակարդակում եղել էր նախորդ տարվա մայիսին: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը` 8.1, ալկոհոլային խմիչքներինը և ծխախոտինը` 9.1, իսկ հագուստի ու կոշիկինը 7,5 տոկոս է կազմել:
Հայկ Ավետիսյան (ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ) - ԿԲ-ի` վերջին 2 տարուց ավել ժամանակահատվածում վարվող հետևողական դրամավարկային քաղաքականությունը առաջին հերթին ուղղված էր հենց գնաճի կարգավորմանը և գնաճային սպասումների խարսխմանը, որն էլ արդեն, այս մի քանի փուլով իրար հետևից շարունակվող շոկերի, որոնց մեր տնտեսությունը և համաշխարհային տնտեսությունը բախվում էր, աստիճանաբար մեղմումից հետո արդեն իր պտուղները սկսում է տալ:
Մասնագետների կարծիքով՝ ոչ միայն խիստ դրամավարկային քաղաքականությունը, այլև վառելիքի և պարենի համաշխարհային շուկայում գնանկումներն են ազդել գնաճի տեմպերի թուլացման վրա:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Հայաստանը փաստացի տարածաշրջանում, նաև ԵԱՏՄ երկրների մակարդակում, նաև համաշխարհային մակարդակում, կարող ենք ասել, գնաճի տեմպերով բավական առաջատար դիրքերում է` մեղմ գնաճի իմաստով, և համադրելի է եվրոպական երկրների հետ, որտեղ գնաճը զգալիորեն թուլացել է և Հայաստանում ևս աստիճանաբար գնում է այդ սցենարով:
Գնաճի տեմպի վրա ազդում է նաև տնտեսական աճը, պահանջարկի ավելացումը թանկացումներ է բերում, շեշտում է Սարգսյանն ու ընդգծում, որ այս առումով կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացումը որոշակիորեն մեղմել է սոցիալական իրավիճակը:
Կարեն Սարգսյան - Մասնավորապես գնանշումների հետ կապված անորոշությունները, նաև ներքին շուկայում սպառման հնարավորությունները, նաև արտաքին շուկայում մրցունակությունը ապրանքների և հետևաբար մեղմ, կայուն և կառավարելի գնաճը հանդիսանում է նաև տնտեսական աճի կարևոր նախապայմաններից մեկը:
Անդրադառնալով սպասումներին՝ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետը նշում է, որ ըստ իրենց սցենարի առաջիկա ամիսներին գնաճը էականորեն դանդաղելու է:
Հայկ Ավետիսյան - Դրա մի մասը բնականաբար պայմանավորված է նախորդ տարվա բազայի ազդեցություններով, այսինքն` ավելի բարձր գնաճի վրա: Բայց պետք է նշել, որ գնաճի կարգավորման մասով նույնիսկ, եթե գործ ունենք տարբեր վիճակագրական բազային էֆեկտների հետ, միևնույն է` Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հետևողականությունը չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ այդ բազաների էֆեկտների վերացումից հետո մենք կարող ենք հայտնվել շատ ուժեղ գնաճային ֆոնի մեջ, եթե ԿԲ-ի քաղաքականությունն այստեղ դեր չունենար:
Գլխավոր դրամատունն արդեն այս տարի սպասում է գնաճի վերադարձ թիրախային՝ 4 տոկոսի մակարդակում:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան