Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Անդրկովկասում կարգավորման գործընթացին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այդ գործընթացներին և կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,- ասել է նախարարը:
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների համագործակցության խորացման օգտին։ «Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերը և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: