Ռուս տեխնիկները, հնարավոր է, միտումնավոր անսարքություններ են առաջացրել Սլովակիայի զինված ուժերին պատկանող ՄիԳ-29 կործանիչների մեջ։ Այս մասին հայտնում է EurActiv-ը՝ երկրի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադիին հղումով։
Սլովակիայի և Ուկրաինայի միջև կնքված միջկառավարական պայմանագրով Բրատիսլավան Կիևին է հանձնել 13 ՄիԳ-29-ից առաջին չորսը: Սլովակիայի բանակը դրանք չի օգտագործել 2022 թվականի օգոստոսից։ Փոխանցման ժամանակ պարզվել է, որ ինքնաթիռներն անսարք են։ «Նրանք կարող են թռչել, բայց մարտունակ չեն։ Ուկրաինացի մասնագետները եկել են Սլովակիա, բերել են պահեստամասեր, զննել են ինքնաթիռները»,- պարզաբանել է նախարարը։
Նադին ենթադրել է, որ թերությունները միտումնավոր ստեղծել են ռուս տեխնիկները, որոնք մինչև անցյալ տարի ինքնաթիռները սպասարկում էին Սլովակիայի Սլիաչ ավիաբազայում: Նա նշել է, որ ոստիկանությունը հետաքննել է այս միջադեպը, սակայն չի կարողացել ապացուցել ինքնաթիռները դիտավորյալ վնասելու փաստը։