Սաուդյան Արաբիան որոշել է վերջ տալ Եմենում պատերազմին, և սաուդյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Սանաա՝ Եմենի հետ համաձայնություն կնքելու համար, հաղորդել է Reuters-ը:
Ըստ լիբանանյան Al Mayadeen գործակալության՝ Սաուդյան Արաբիան Եմենի Նախագահական խորհրդին տեղեկացրել է պատերազմը դադարեցնելու և Եմենի հարցը վերջնականապես փակելու իր որոշման մասին։
Գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, նշում է, որ Սաուդյան Արաբիան Եմենի նախագահին և Նախագահական խորհրդի անդամներին հրավիրել է Էր Ռիադ ու հայտնել նրանց վերջին որոշումների մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները համաձայն են հրադադարի երկարաձգմանը և Եմենի կառավարության հետ ուղիղ բանակցություններին։
Պաշտոնական Սանաան դեռևս չի արձագանքել տեղեկությունները պարզաբանելու վերաբերյալ Reuters-ի հարցմանը: Գործակալությունը նշել է, որ համաձայնության հասնելու դեպքում հրադադարի մասին կարող է հաղորդվել մինչև ապրիլի 20-ը՝ մուսուլմանների Իդ ալ Ֆիթր տոնը: Այդպիսով, հաջողության դեպքում վերջ կդրվի 2014 թ. սկսված քաղաքացիական պատերազմին, որը խլել է տասնյակ հազարավոր կյանքեր և Եմենի բնակչության մոտ 80%-ին դարձրել է միջազգային մարդասիրական օգնությունից կախված:
Գործակալությունը նկատել է տալիս, որ տեղեկությունը տարածվել է, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո նախօրեին հայտարարել են հարաբերությունների վերականգնման մասին: