Ադրբեջանական ապօրինի շրջափակման պայմաններում արցախցիները ստիպված են խթանել տեղական արտադրությունը, որպեսզի կարողանան պարենային անվտանգության խնդիր լուծել: Ջերմատնային տնտեսությունը Վրեժ Մելքումյանը 2021-ին է հիմնել: Ու դա` այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի հետևանքով իրեն պատկանող 7 հեկտար այգին մնացել է թշնամու վերահսկողության տակ:
Վրեժ Մելքումյան (մենատնտես) - Մենք պետք է անենք՝ գիշեր-ցերեկ, նա է բողոքում, ով պարապ նստած է, այդպես չի կարելի:
Ջերմոցում ամեն ինչ Վրեժի ձեռքի գործն է՝ օդափոխության ավտոմատ համակարգից մինչև փայտի թափոնով աշխատող ջեռուցման կաթսա, որը Հայաստանից Արցախ գազատարի՝ ադրբեջանական արգելափակման ժամանակ է գործարկել:
Վրեժ Մելքումյան - Սածիլներ եմ բերել դրել 1200 հատ, էլի իմ ձեռքով աճեցրած: Տեսնում եք՝ պղպեղի սածիլ ենք դնում, էլի իմ ձեռքով աճեցրած, լոբի ենք դնելու էսօր, և շարունակ պետք է աշխատենք առանց կոտրվելու:
Շրջափակված Արցախում միրգ-բանջարեղենի պահանջարկն է մեծ: Նույն խնդրին հաջորդ տարի չբախվելու համար Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում զգալի ավելացրել են գարնանացանի ծավալները:
Սամվել Շահրամանյան (Խնապատ համայնքի ղեկավար) - Ժամանակին որ մեր գյուղում գարնանացանով ընդհանրապես հատուկենտ մարդիկ են զբաղվում, էսօր հեկտարներով կարտոֆիլ են ցանում, ջերմոցային տնտեսություններն են զարգանում մեծ թափով: Երիտասարդներն իսկականից, ինչպես ղարաբաղցիներն են ասում, «վիզը տակովը տված» աշխատում են, որպեզի կարողանանք գոնե, եթե երկար շարունակվի այս շրջափակումը, հաջորդ տարի չունենանք այն պրոբլեմները, ինչի առաջ մենք կանգնել ենք շրջափակման ժամանակ:
Քանի Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ է, վարորդ Սարգիս Հայրապետյանը հողագործությամբ է զբաղվում: Ջերմոցը կառուցել է վերջերս՝ որդիների առաջարկով: Բարենպաստ եղանակին փակ գրունտից սածիլներն արդեն բաց դաշտ են տեղափոխել:
Սարգիս Հայրապետյան (մենատնտես) - 2,5 ամիս է, որ այս գործով եմ զբաղվում, նորմալ է, սովորական: Առաջին անգամ կանաչի եմ ցանում անփորձ տեղովս: Ոչինչ, նրանից հետո կամաց-կամաց սովորում ենք, մի տեղ՝ շատ, մի տեղ՝ քիչ:
Գազատարի արգելափակման, դիզվառելիքի բացակայության պատճառով այս տարի Նվեր Գաբրիելյանը մեծ վնասներ է կրել: Ասկերանում՝ 4 հազար քառակուսի մետրի վրա, վարունգ, լոլիկ, դդմիկ և պղպեղ է մշակում: Բույսերի կեսը ցրտահարվել, բայց նորից է սածիլներ դրել, ինքնաշեն վառարաններով ապահովում է ջեռուցումը:
Նվեր Գաբրիելյան (մենատնտես) - Ցերեկը ոչ մի բան չենք վառում, փառք Աստծո, տաք է, բայց ժամը 20-ից հետո գիշերը մինչև առավոտ 12 ժամ նույն ձև էլի դիզվառելիք ենք վառում: Նախկինում օր է եղել` տոննայից ավելի վառել ենք կամ 800 լիտր, իսկ հիմա 300 լիտր, 400 լիտր, մինչև 500 լիտր՝ նայած ցրտին:
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով արցախցիները շարունակում են միրգ, բանջարեղեն և որոշ ապրանքատեսակներ ձեռք բերել կտրոններով: