Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կողմից հացահատիկի փաթեթային համաձայնագրի պայմանները չկատարելու հարցը։
Լավրովը նշել է, որ հացահատիկի գործարքի ուկրաինական հատվածն իրականացվում է, ինչը հաստատվում է «բավականին լուրջ վիճակագրությամբ»։ «Իրականում, սևծովյան նախաձեռնությամբ ամբողջ ուկրաինական հատվածը վերածվել է ուկրաինական հացահատիկի առևտրային արտահանման, հատուկ պայմաններով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովի խոսքով՝ գործարքի ռուսական մասը, հակառակը, ընդհանրապես չի իրականացվում՝ չնայած հավաքական Արևմուտքի երկրներին ուղղված բազմաթիվ կոչերին։ «Ռուսական ապրանքների ֆինանսավորման, նյութատեխնիկական մաքսազերծման, փոխադրման, ապահովագրության, արտահանման ճանապարհին խոչընդոտները մնում են և նույնիսկ ավելի են կոշտանում»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
«Մոսկվան կմտածի հացահատիկի գործարքի անհրաժեշտության մասին, եթե առաջընթաց չլինի պարարտանյութերի և սննդամթերքի արտահանման խոչընդոտները վերացնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։