Աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Գաբալայում նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանի ոչ միայն բարեկամն է, այլև կարևոր ռազմավարական գործընկերը։ Երկու երկրի հիմնական նպատակներից մեկն էլ այս պահին խաղաղության և կայունության խթանումն է։
«Մեր հիմնական նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը: Մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակ է տնտեսական աճը, ավելի շատ աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Ղարիբաշվիլին հավելել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը համակարգված աշխատում են «Միջին միջանցք» նախագծի ուղղությամբ։ «Համատեղ գործողություններով կվերացվեն Միջին միջանցքի բոլոր խոչընդոտները և կզարգացվեն ենթակառուցվածքները, այդ թվում՝ ծովային և երկաթուղին»,- ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն այժմ աշխատում է նոր ծովային նավահանգստի՝ Անակլիայի կառուցման ուղղությամբ։ Ընթացիկ ծրագրի շրջանակներում էլ կընդլայնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործունեությունը և, այդպիսով, ավելի շատ բեռներ կներգրավվեն դեպի Միջին միջանցք։