Հայաստանում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մայիսին կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը: Կլինեն վարպետաց դասեր, խաղարկություններ, նաև քննարկում՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Մարզերը ներկայացնելու են 500-ից ավելի ապրանք և ծառայություն՝ կապված արկածային, մշակութային, խոհանոցային տուրիզմի հետ:
Սիսիան Պօղոսեան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Բոլոր մարզերը իրանց տաղավարն են ունենալու, և իրանք ներկայացնելու են՝ ինչի են իրանք տարբերվում կամ ավելի շատ հետաքրքիր և յուրահատուկ, երբ որ համեմատում ենք ուրիշ մարզերում: Բոլոր մարզերը նաև ցույց են տալու իրանց մշակույթի հետ կապված, եթե հատուկ պարախումբ ունեն կամ երաժշտական խումբ ունեն, իրանք ներկայացնելու են՝ ինչ ուտելիքներ, ուտեստներ ունեն իրանց մարզերում, որ հենց յուրահատուկ ա իրենց:
2022-ին նախորդ տարվա համեմատ ներքին զբոսաշրջությունը գրանցել է 20 տոկոս աճ: Զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար կոմիտեն նաև նոր ծրագրեր է մշակում:
Սիսիան Պօղոսեան - Տուրիզմի կոմիտեում նաև այս տարի առաջին անգամվա համար աջակցում ենք նոր պրոդուկտների ստեղծման հետ կապված, մինչև տարվա վերջը մենք աջակցելու ենք 10 հատ նոր բիզնեսների, որ ստեղծելու են 10 հատ նոր պրոդուկտներ հենց Հայաստանում:
Աճել են նաև ներգնա զբոսաշրջության ցուցանիշները: Առաջին եռամսյակում գրանցվել է մոտ 450 հազար զբոսաշրջային այց, որը 2019-ի ցուցանիշից շուրջ 90.000-ով ավելի է: Իսկ միայն մարտին Հայաստան է եկել 160 հազար զբոսաշրջիկ՝ 2019-ի 118 հազարի համեմատ: Վերջին շրջանում այլ երկրներից դեպի Երևան բացվող ուղիղ չվերթերը նույնպես նպաստում են զբոսաշրջային այցերի ակտիվությանը: Զբոսաշրջիկների հոսքեր ապահովելու համար ընտրված թիրախային շուկաներն են՝ Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Էմիրությունները:
Իսկ որո՞նք են ոլորտի խնդիրները: Ոլորտի մասնագետը հատկապես երկուսն է առանձնացնում:
Լուիզա Գասպարյան (տուրիստական ընկերության ներքին տուրիզմի մենեջեր) -
Ենթակառուցվածքային խնդիրները կարող եմ առանձնացնել և սննդի հետ կապված, քանի որ մենք տուրերում ունենք սննդային կանգառներ, հիմնականում էս պահի դրությամբ բավականին քիչ են առաջարկվող կանգառները, և եթե կան կանգառներ, անգամ դրանք բավականին մեծ հոսք ունեն ու հերթեր են առաջացնում, որը մի փոքր բարդացնում է տուրի ընթացքը:
Չնայած այս փոքր խնդիրներին՝ տուրիստական ընկերությունից նշում են՝ ներկա ցուցանիշները հաշվի առնելով՝ առաջիկայում սպասվում է զբոսաշրջային այցելությունների մեծ աճ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան