ՉԺՀ-Ն ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ՈՒՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ՄԱԿՐՈՆ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահին: Սա վերջին երեքուկես տարվա ընթացքում Ելիսեյան պալատի ղեկավարի առաջին այցն է Չինաստան, այն կտևի մինչև ապրիլի 7-ը: Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, կլիմայական և պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ, Ուկրաինայի շուրջ զարգացումները:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում հարվածել է Եվրոպայում խաղաղությանը: Չինաստանը կարևոր դեր ունի աշխարհում խաղաղության հաստատման գործում։ Գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ Ռուսաստանին խելքի բերելու և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում: Մենք պետք է հասնենք կայուն խաղաղության, որը հաշվի կառնի միջազգայնորեն ճանաչված սահմանները և կբացառի հետագա էսկալացիան:
Մակրոնը նաև հայտարարել է՝ Փարիզը դեմ է, որ միջուկային զենքը դուրս բերվի այն տնօրինող երկրների տարածքից. ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում միջուկային զենքի կիրառումը հարկավոր է կանխել:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՁԳՏԻ ՆՊԱՍՏԵԼ ԽԱՂԱՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ. ՉԺՀ ՆԱԽԱԳԱՀ
Սի Ծինփինն իր հերթին նշել է, որ Չինաստան-Ֆրանսիա հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ չնայած միջազգային անկայուն իրավիճակին։ Նրա խոսքով՝ Պեկինը և Փարիզը շարունակում են ինտենսիվ ռազմավարական երկխոսություն վարել, խորացնել գործակցությունը տարբեր, այդ թվում՝ առևտրի, ավիատիեզերական և միջուկային էներգետիկայի ոլորտներում։
Սի Ծինփին (Չինաստանի նախագահ) - Աշխարհում պատմական փոփոխություններ են կատարվում: Կարծում եմ՝ Ձեր այցը նոր թափ կտա չին-եվրոպական հարաբերությունների զարգացմանը: Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, Չինաստանը վճռականորեն կձգտի նպաստել խաղաղ երկխոսությանը և քաղաքական կարգավորմանը: Մենք պատրաստ ենք Ֆրանսիայի հետ կոչ անել միջազգային հանրությանը զսպվածություն դրսևորել, խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքին, կանխել միջուկային զենքի օգտագործումը:
Սի Ծինփինը կոչ է արել շուտափույթ վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության հարցով խաղաղ բանակցությունները, հավելել՝ Պեկինը պատրաստ է գործակցել՝ մեղմելու ուկրաինական ճգնաժամի հետևանքները։
ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎՐԱՑԻ 4 ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան 4 դատավոր նկատմամբ: Ամերիկյան կողմը նրանց մեղադրում է կողուպցիայի համար: Դատավարների և նրանց ընտանիքի անդամների մուտքը Միացյալ Նահանգներ արգելվել է: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության դատավորները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խաթարելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիներին ժողովրդավարության ամրապնդման գործում: Մենք նաև աջակցում ենք այն դատավորներին, որոնք ազնվություն ունեն գործելու անաչառ և անկախ»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, մտահոգություն հայտնելով, որ վրացի դատավորների նկատմամբ չհիմնավորված պատժամիջոցների սահմանումը կարող է վնասել երկու երկրի բարեկամական հարաբերությունները:
«Հուսով ենք՝ պետքարտուղարությունը ապացույցներ կներկայացնի կամ կվերանայի որոշումը: Հակառակ դեպքում՝ Վրաստանի պետությունը և ժողովուրդը այդ քայլը կդիտարկեն որպես ինքնիշխան պետության անկախ դատարանի գործունեությանը կոպիտ միջամտություն»,- ասվում է նամակում:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼ ՇԻԱ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Ադրբեջանում շարունակվում են շիա հոգևորականների նկատմամբ հետապնդումները Իրանի հետ ենթադրյալ կապերի համար: Երկրի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է, որ այն պահից ի վեր, երբ մզկիթներում նշանակումների լիազորություններն անցել են կոմիտեին, 118 կրոնական գործիչ հեռացվել է աշխատանքից: Նրա պնդմամբ՝ հեռացվածների թվում են այն անձինք, որոնք «քարոզել են իրանական կրոնական գաղափարախոսությունը» և «փորձել են տարածել Իրանի պետական կրոնի մոդելը Ադրբեջանի և հարևան այլ երկրների վրա»: Ղուրբանլին Իրանին մեղադրել է սոցիալական ցանցերի միջոցով արշավներ իրականացնելու համար, նշել՝ դա կանխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել։
ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սաննա Մարինը հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը։ Նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականի դիմումը և հույս հայտնել, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները, քանի դեռ չի նշանակվել նորը»:
Ավելի վաղ՝ Մարինը հայտնել էր, որ Ֆինլանդիայում ապրիլի 2-ին անցած խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո կլքի նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը և իր քաղաքական գործունեությունը կշարունակի որպես խորհրդարանի պատգամավոր։